Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/358

Այս էջը հաստատված է

ժամանակ կանիծենք և՛ հեղափոխությունը, և՛ ազատությունը։


ԼՈՌԵՑԻՆԵ՛Ր, ԻՄ ՔԱՋ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել։ Նա համարձակվում է մտնել Փամբակի ձորը, Մայմեխի ու Դվալի արանքը և գուցե մտածում է անցնել Գյուլլադագանա կիրճից ներս դեպի Լոռու սրբազան ձորերը։

Լոռեցինե՛ր, այժմ ձեզ է ապավինել հայ փախստական ժողովուրդը և ամեն տեղից ձեզ է նայում հայ ազգի աչքը։ Հասել է էն օրը, երբ պետք է ցույց տաք, որ զուր չի Լոռու անունը Դաղստան հասել և ամեն մինդ անուն պիտի թողնեք աշխարհում։

Հավաքվեցեք մեր մութ անտառների նման, կանգնեցեք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցեք և զարկեցեք մեր սարերի կայծակների նման։ Թող թշնամին էլ տեսնի, աշխարհքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել, Ղարսի վրից էլ, բայց Լոռու սարերից անցնել չի կարելի։

Սպասում եմ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ


ԱՆԴՐԱՆԻԿԸ ԵՎ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՆ

Ղարաքիլիսայի անկման օրից սկսած անդադար մարդիկ են պատահում, որոնք դատապարտում են Անդրանիկին, որ Ղարաքիլիսայի պատերազմի ժամանակ նա, խոշոր ուժերով, մնաց էնքան մոտիկ՝ Դսեղ նստած, մինչդեռ եթե օգնության հասներ Դվալից, պատերազմը բոլորովին ուրիշ ելք կունենար։