Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/362

Այս էջը հաստատված է

անում են ոչ թե իրանց դրեդնոուտներով, թնդանոթներով ու ցեպպելիններով, որոնք կարող են փչանալ, ծովում խորտակվել կամ երկնքից ցած ընկնել, այլ իրանց մեծ բանաստեղծներով, մեծ գիտնականներով ու մեծ գեղարվեստտագետներով, որոնք, միշտ հզոր ու սիրելի, տիրում են ժողովուրդների մտքերին ու սրտերին և թանկագին ու հարազատ կապերով կապում են իրանց հայրենքի հետ։

Եվ ահա Գերմանիան, որ այսքան անսպասելի հայտնվել է մեր երկրում, հայ ժողովրդի մեջ իրան հարազատ ու թանկագին շատ բան է գտնելու և հոգեկան ու բարոյական շատ ամուր կապ է տեսնելու։

Մի կապ, որ հազար անգամ ավելի նվիրական է, քան ամեն քաղաքական դաշնադրություն։

Ինչ խոսք, որ այս բարձր կապով լուսավոր Գերմանիայի հետ կապված հայ ժողովուրդը միշտ կմնա նրան երախտապարտ ու բարեկամ։ Սակայն մյուս կողմից էլ բնական ու վայելուչ է, որ Գերմանիան այս թոհ ու բոհի մեջ հովանավորի իր լուսավորության ավազանում մկրտված ժողովրդին, իրան հետ այսքան բարձր կապով կապված ժողովրդին, և դա լինելու է ոչ միայն ըստ ամենայնի օգտակար, այլև միաժամանակ վերին աստիճանի մի գեղեցիկ գործ այս խելագար վերուվարումների մեջ։


ՎԵՐՋԻՆ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ազգերի հարևանությունների մեջ դժար կարելի է գտնել ավելի լավ հարևաններ, քան եղել են հայն ու վրացին։

Վերցրեք՝ որ հարևան ազգերը կուզեք․ Անգլիան ու Ֆրանսիան, Ֆրանսիան ու Գերմանիան, Իտալիան ու Ավստրիան, ռուսն ու լեհը, սերբն ու բուլղարը, թուրքն ու պարսիկը, և այլն, և այլն։ Ամենքն էլ իրար դեմ պատերազմ են մղել և հաճախ անհաշտ ու երկար ժամանակ։