Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/370

Այս էջը հաստատված է

բայց վերջին ճիգ պետք է գործ դնել, որպեսզի մեր արյունաքամ ժողովուրդը, մեր նահատակ ազգը իր արդար դատը շահի և իր դարավոր իղձի իրականացմանն արժանանա, չի գտնվի ոչ մի հայ, որ իր աջակցությունը մերժի այս գերազանցապես գաղափարական և անհրաժեշտ ու անհետաձգելի գործին։

Հայ ժողովրդի մարտիրոսագրության պատմությունը պիտի պատրաստ լինի մինչև հաշտության վեհաժողովի բացումը և համենայն դեպս շատ վաղ, քան նրա փակումը։

Շտապենք։

Ով ուզում է և կարող է թեթևացնել Հանձնաժողովի անհրաժեշտ ահագին ծախքերը՝ թող օր առաջ ուղարկի իր դրամական օժանդակությունը։

Նա, ով նյութեր ունի հավաքած՝ հայության դահիճների գազանությունների մասին, մեր ժողովրդի կրած աղետների ու նյութական վնասների մասին Թուրքիայում թե Կովկասում, թող անմիջապես Հանձնաժողովի տրամադրության տակ դնի այդ նյութերը։

Գազանության զոհերի ու ավերակների լուսանկարների և աղետների լուրջ ուսումնասիրությունների համար Հանձնաժողովը պատրաստ է վճարել բավարար վարձատրություն փոխադարձ համաձայնությամբ։

Լուրջ ուսումնասիրություններ ասելով, Հանձնաժողովը հասկանում է ճշգրիտ վիճակագրական թվերի արժանահավատ վկայությունների և հավաստի տվյալների վրա հիմնված հետազոտություններ։

Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ, բացի ճշմարտությունից։

Հանձնաժողովը խնդրում է գազանությունների զոհերին և ականատես վկաներին չզլանալ իրանց ցուցմունքները տալու իր քննիչներին։

Կրկնում ենք՝ մի վերջին ճիգ է պահանջվում հայ ժողովրդից։