Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/373

Այս էջը հաստատված է

Էսօր էլ, եթե միացել ենք, միացել ենք համաշխարհային թոհ ու բոհի հետևանքով, կենդանին ու մեռելն իրար խառնված, երբ հույսի ու հուսահատության շափառուկները անդադար հետևում են իրար մեր տակավին սևակնած երկնքում։

Սակայն անխորտակելի է մեր ժողովրդի կուլտուրական հակումն ու ձգտումը և ստեղծագործության տենչն ու կարոտը անդիմադրելի։

Մեր ամեն ինչ կորցրած գաղթականը օտարության մեջ հենց կանաչ խոտի վրա կրակ արավ թե չէ, իր առաջին հոգսերից մեկն եղավ գրադարան հիմնել, դպրոց բանալ ու թերթ հրատարակել։

Այժմ էլ, երբ մի կողմի արյունն ու արցունքը չեն ցամաքել, իսկ մյուս կողմը երերում է տագնապի դաժան շնչից, մեր երիտասարդ գրողները երկուստեք իրար են եկել՝ իրենց անցյալի տխրության ու ապագայի խնդության արցունքները միացնելու մի նոր-հոգևոր Հրազդանի մեջ՝ սասանած հայության ոգին ոռոգելու և կազդուրելու համար։ Ես ուզում եմ մեր անմահ Նահապետի՝ Հրազդանի երգչի, անուշ խոսքերով բացականչել.

— Ա՜յ դրախտի ջրեր, իջե՛ք, իջե՛ք,
Զերկիրն Հայոց արբեցուցեք…

Բարով ես գալիս, ո՜վ նոր Հրազդան, բարով եք գալիս, ո՜վ նորեր, ո՜վ լավեր։ Դո՜ւք, որ բազմատանջ հայության երկար ժամանակով բաժանված ու իրար կարոտ հոգիները առաջին անգամ միացնում եք ձեր՝ թեկուզև համեստ, բայց գեղեցիկ գործի մեջ։ Օրհնված լինիք և դուք և ձեր ազնիվ գործը։ Եվ թող ձեր երիտասարդ կյանքի վրա բացվի էն երջանիկ արշալույսը, որ մեր՝ նախորդներիս, երիտասարդությունը երազեց իր փոթորկալի ու մութ գիշերին։

24-145