Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/377

Այս էջը հաստատված է

ժողովուրդ արժանի է իր կառավարությանը»։ Մինչդեռ, ինչպես տեսնում եք, սա միանգամայն սխալ է, և ճշմարիտն էն է, որ ոչ մի կառավարություն արժանի չի իր ժողովրդին, եթե միայն ընդունեք էն տարբերությունները, որ ես եմ ընդունում ժողովրդի և ամբոխի մեջ։

Առեք, նույնիսկ, ամենաանխուսափելի պատերազմը։ Դարձյալ ժողովուրդն ընդունում է մեծ վշտով, ցավով է լցվում ամեն մի տուն, գրեթե ոչ մի զինվոր չի ուզում գնա պատերազմի դաշտը, իսկ նրանց ծնողների ու հարազատների աչքերից արտասուք է հոսում։ [Սա է ժողովուրդը]։

Էսպես է ընդունում ժողովուրդը, նույնիսկ, անխուսափելի պատերազմը։ Իսկ ամբոխը մի հարբած ու սարսափելի բազմություն է, որը ո՛չ ծնող է ճանաչում, ո՛չ զավակ, և պատրաստ է ո՛չ միայն գնալու ամեն մի կոտորածի, այլև ստեղծելու և կատարելու էն տեսակ ոճիրներ, որ դուրս են բանական մարդու երևակայությունից։

Խորապես ցավելով պետք է խոստովանել, որ ո՛չ թե միայն ժողովուրդն է ամբոխանում ու գնում վատ գործերի, այլև մենք, նույնիսկ գրողներս էլ հաճախ ենթարկվում ենք նույն փորձություններին, տարվում ենք միևնույն հոսանքներից։ Մենք էլ հաճախ էդ տեսակ մոմենտներին բռնվում ենք ազգասիրական կամ ռազմական մոլի տենչով ու տենդով, հարբում ենք ընդհանուրի հարբեցությամբ, աստվածային ոգևորությանը փոխարինում է բարբարոսի կատաղությունը և փառաբանում ենք պատերազմն ու կոտորածը և թշնամության ու ատելության թույնով թունավորում մեր ընթերցողների հոգիները։

[Մի արատ, որից ազատ չեն [նույնիսկ] հենց իմ գրվածքները, թեև իմ ծանոթների ու բարեկամների շրջանում հայտնի եմ խաղաղասեր բնավորությամբ ու ալտրուիզմով։]

Սակայն ինչքան գարշելի է էն կրոնավորը, էն ինկվիզիտորը, որ քրիստոնեության խաչը ձեռքին և քրիստոնեության անունով աուտոդաֆեներ էր սարքում։ Ինչքան գարշելի