հասարակության լեզվի տակ։ Եվ էդ նույն հասարակությունը հիշողություններ է գրում։
Եվ շատ բնական կերպով հաճախ էդ հիշողություններից էն է դուրս գալիս, որ հիշող պարոնին է հանգուցյալ գրողին տվել և՛ ապրելու շունչ, և՛ գրելու շնորհք։ Սա է նրան ասել՝ էս գրի կամ էսպես գրի. նա էլ միշտ դիմելիս է եղել սրան ու առանց սրան ոչ մի քայլ չի եղել անելիս, միայն մեռնելն էր, որ առանց սրան արավ։ Էդ էլ հասարակությունն արավ։ Մի կարճ խոսքով՝ սա ստեղծել էր ու պահպանում էր, հասարակությունը չգնահատեց ու սպանեց։
Եվ դրա համար էլ հանգուցյալը սրան պաշտում էր ու անվանում էր ամենաքիչը իր «միակ բարեկամը»։
Եվ որովհետև սովորաբար հայտնվում է, որ նշանավոր հանգուցյալների էդ «միակ բարեկամները» շատ են լինում, իրենց հիշողությունների մեջ աշխատում են իրար գերազանցել։ Մինն ասում է՝ ինձ լսում էր, մյուսն ասում է՝ ինձ հավատում էր, երրորդն ասում է՝ ինձ սիրում էր, չորրորդն՝ ասում է՝ ինձ պաշտում էր. էսպեսով հասնում են էնտեղ, որտեղ հասավ «Աղբյուր-Տարազի» խմբագիր պ. Տիգրան Նազարյանը, որ «Մշակի» վերջին համարում գրել է, թե հանգուցյալ Սունդուկյանը ուզում էր իմ ձեռքը համբուրի — ես չթողեցի…։
Էստեղ արդեն բավական էր։ Հայ գրողի մահից հետո, էլ մեզ հիշողություններ չեն հարկավոր։ Մոռացության տվեք նրան, ինչպես մոռացության էիք տալիս մի ժամանակ։
Մարդուն, մանավանդ նշանավոր մարդուն, հասկանալն ու նրա կյանքից հիշողություններ տալը ձեր բանը չի։ Իջե՛ք մեծ դագաղների վրից ու ձեզ բարձրանալու համար որոնեցեք ուրիշ պատվանդան։
ԱՎԵԼԻ ՎԱՏ
Այլև <այլ> նշանավոր մարդկանց կյանքից հիշողություններ գրող պարոն Տ. Նազարյանը, «Մշաւկի» № 61-ում,