Նոր եկած օրերս էր, Ստեփանը մի օր այլայլված տուն ընկավ ու հայտնեց, թե Տուրգենևը մեռել է։ Մեր ամբողջ շրջանում ոչ ոք հասկացողություն չուներ թե ով է Տուրգենևը, բայց Ստեփանի սարսափը տեսնելով, բոլորս էլ սարսափեցինք։ Զգացինք, որ մի մեծ դժբախտություն է պատահել, որ Ստեփանի վրա էդքան ազդել է, որովհետև քիչ կպատահեր, նա իրեն էդպես կորցներ։ Եվ մենք երկու օր Հավլաբար դես-դեն ու սրա-նրա մոտ էինք վազում միասին։ Լավ չեմ հիշում թե ինչու, բայց վազվզում էինք Տուրգենևի մահվան պատճառով։
Առանձնապես սիրում էր Գոգոլին։ Անգիր գիտեր Տարաս Բուլբան։ Շարունակ կարդում էր և գիշերն երբ ուղղակի լուսացնում էր ընթերցանության վրա։ Շատ է պատահել, որ մեր բարի Եփեմիա ձալոն, նրա՝ հորեղբոր կինը, առավոտներր կանչել է մեզ, որ գնանք տեսնենք, թե ինչպես է Ստեփանը սեղանի առջև նստած քնել՝ գլուխը դրած Գոգոլի բաց գրքի վրա։
Նա սովորաբար գիշերներն էր կարդում ու դասերը սովորում, իսկ ցերեկները կանոնավոր կերպով մարմնամարզությամբ էր զբաղվում, կոխ էր պրծնում ինձ հետ կամ որսի էր գնում։
Մեր տան ուղիղ առջևից մի նեղ կածան էր իջնում դեպի ժայռի տակը, Քռի ափը։ Էնտեղ, ժայռի լանջերին, մեծ քանակությամբ աղավնիներ էին լինում։ Եվ հաճախ, ճաշերից հետո, հրացան էր որոտում։
Էդ Ստեփանի հրացանի ձենն էր. աղավնի էր որսում։
Մի ժամանակ էլ որսի ասպարեզը մեծացրեց, սկսեց գնալ Նավթլուղից դենը հեռու հանդերը՝ նապաստակի որսի։ Եվ միշտ աղավնի ու նապաստակ էր բերում։
Տանըցիք ցանկանում էին, ստիպում էին, որ ձեռք վերցնի որսորդությունից։ Աղավնիների սպանությունը մեղք էին համարում, իսկ նապաստակի միսը հարամ և զզվում էին, չէին ուտում։ Բայց նա, առանց, նույնիսկ, պատասխան