Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/385

Այս էջը հաստատված է

տալու, լուռ շարունակեց իր որսորդությունը և վերջում շատերիս նապաստակի միս ուտացրեց։

Իսկ նրա կոխ պրծնելու մոլությունը կատարյալ պատիժ էր դարձել ինձ համար։ Ճիշտ է, ես էլ էի առողջ ու ջլուտ, բայց նա ավելի ուժեղ էր։ Ժամերով քաշքշում էինք իրար և տունը տակն ու վրա անում։ Հագներիս շոր չէր մնում։ Եվ ահա մեր ձալոները մտածեցին սրան մի ճար անել։ Տների ծայրի դահլիճը հատկացրին մեր ըմբշամարտության համար և կարգադրեցին, որ կոխ պրծնելիս բլուզներս հանենք։

Տան երեխաները փոքր էին։ Մեր ըմբշամարտության սովորական թամաշավորը Ստեփանի փոքր եղբայրն էր, Արիստակես անունով։ Արիստակեսն էլ ամեն բանի մեջ գնաց իր եղբոր ետևից, հետագայում էլ Դաշնակցության մեջ մտավ ու սպանվեց Խանասորի կռվում։

Մեր չորս կողմը և մեր բակում շատ աղջիկներ կային, ես ամեն մի հարմար դեպքի փախչում էի նրանց նայելու, իսկ Ստեփանը, ընդհակառակը, թեև ինձանից էլ մի երկու տարով մեծ էր, բառի բովանդակ նշանակությամբ երբեք ուշք չէր դարձնում նրանց վրա։ Երբ ես խոսք էի գցում աղջիկներից, նա ոչ մի բառ չէր արտասանում, լուռ, հանդիմանարար նայում էր ինձ ու պնչերը ուռցնում։

Սակայն շատ էր սիրում լսել քաջերի կյանքից, և երբեմն գիշերները ես պատմում էի նրան Լոռու իգիթներից ու ղաչաղներից, իսկ ինքը ոգևորված պատմում էր իր հորեղբայր Դավթից։

Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ։ Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկա պատմությունից, օգտվեցի ու նյութ առա մի պոեմի։ Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց ես նվիրեցի Ստեփանին։ Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմները