Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/391

Այս էջը հաստատված է

բացի նրանց նշանակությունը գիտակցողների օժանդակությունից, իրանց վարչական կարիքները հոգալու համար ուրիշ աղբյուրներ չունեն։

Հայրենակցությունների միության խորհուրդը հույս է տածում, որ հայերը առհասարակ, և թիֆլիսաբնակ մեր հայրենակիցները մասնավորապես, վերջ կտան հայրենակցությունների համար սպանիչ հետևանքներ ունեցող իրանց անտարբերության, կխմբվեն այդ կազմակերպությունների շուրջը և կաջակցեն նրանց բարգավաճմանը թե՛ բարոյապես, և թե՛ նյութապես։ Հայրենակցությունները այժմ էլ, իրանց ներկա ծանր պայմաններում, հայ ժողովրդի համար կատարում են համեստ, բայց անփոխարինելի մի գործ։ Եթե մեր հասարակությունը, գիտակցելով այդ կազմակերպությունների գոյության անհրաժեշտությունը, չմերժե նրանց իր հուժկու աջակցությունը, այդ դեպքում հայրենակցությունները կդառնան մի դարբնոց, որտեղ ժողովրդի մշակները կկոփեն հայության համար ո՛չ երկրորդական նշանակություն ունեցող մի գործ։

Նախագահ՝ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Քարտուղար՝ Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


«ՍԱՔԱՐԹՎԵԼՈՅԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Սրտագին շնորհակալ եմ «Սաքարթվելոյի» շնորհավորությունների և բարեմաղթությունների համար, որ արել է իմ ընկեր Տիցիան Տաբիձեի միջոցով։

Ես հավատում եմ՝ գալու է օրը, երբ, բոլոր շովինիստների ջանքերին հակառակ, հաղթանակելու է ժողովուրդների միության ու եղբայրության գաղափարը, ազատության մեջ ավելի ու ավելի են ամրանալու մեր դարավոր եղբայրական կապերը և մեր ինքնուրույնությունը շքեղ ու ինքնատիպ ծաղկելու է մեր գեղարվեստի ու գրականության մեջ։