Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/393

Այս էջը հաստատված է

և հանձնում Գրողների ընկերության վարչության՝ էդ նպատակով։

Եվ խնդրում եմ ամենքին, որոնց համար թանկ է հայոց գրականությունը և որոնք կարող են՝ օգնության գան մեր գրականությանը էս արտասովոր ծանր օրերում։

Եվ հավատացած եմ, որ անհետևանք չի մնալու իմ կոչը։

Օգնություն ուղարկողները կարող են ուղարկել մեր խմբագրություններին, որոնք, անշուշտ, հանձն կառնեն ուրախությամբ ստանալու և Գրողների ընկերությանը հասցնելու։


ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈՒՆ

Իմ թանկագին ընկեր, իմ հոգու ընկեր, Լևան Դավիդովիչ։ Ձեր հրապարակական նամակներում դուք ինձ առաջարկներ եք անում ու հարցեր եք տալիս, և ինձ ինչքան հետաքրքրում ու զբաղեցնում են ձեր արած առաջարկներն ու հարցերը՝ ևս առավել զմայլեցնում է էն պարզ, անկեղծ ու բարի սիրտը, որ երևում է ձեր տողերում, էն` ազնիվ, բանաստեղծական հոգին, որով համակված են` ձեր հոդվածները։ Լավ վրացու, իսկական վրացու սիրտն ու հոգին։

Եվ էդ տեսակ մարդը դեռ հարց է տալիս, թե ի՞նչ պետք է անենք, որ մոտենանք իրար։

Ես ձեզ կասեմ․ էդ տեսակ սիրտ պիտի ունենանք։

Եվ տեսնո՞ւմ եք, որ ունենք։ Եվ դեռ էդպես շատ սրտերի տեղ գիտեմ ես։ Բայց, իհարկե, դուք ձեր սիրտը չեք տեսնում և ոչ էլ հաշվի եք առնում, ինչպես և ձեզ նմանները․ ճիշտ էնպես, ինչպես երեխաները տեղեկություն չունեն իրենց անմեղության մասին և առանձին նշանակություն էլ չեն տալիս։