Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/415

Այս էջը հաստատված է

Գրեթե մինչև իր ծերությունը՝ էնպես անցկացավ նրա կյանքը, որ միշտ մնաց ոտի վրա։ Միշտ մնաց մի տեսակ գրականության սիրողի վիճակում և գրեց «ի միջի այլոց», ինչպես մեր գրողներից շատերը։

Էդ պատճառով էլ ինչ որ նրա գրվածքների մեջ կա ու մնում է՝ դա Ղազարոս Աղայանի մեծության ու շնորհքի մի չնչին մասն է։

Ղազարոս Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։

Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքա՜ն բան ուներ նա ու ինչքա՜ն բան տարավ իր հետ։

Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը՝ ահագին։

Էդ է պատճառը, որ ասում եմ՝ նա մեռավ։

Ով չի տեսել նրան՝ էլ ճանաչել չի կարող, պատմելով էլ չի կարելի ծանոթացնել։

Այո՛, պատմելով չի կարելի ծանոթացնել գոնե էն տեսակ մարդկանց հետ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սիրտ ու հոգի։

Էնպես, ինչպես վաղուց երգված ու լռած մի երգ, որ պատմելով չի կարելի վերականգնել։ Էնպես, ինչպես վաղուց ցնդած մի բուրմունք, որ նկարագրելով չի կարելի նորից հավաքել ու տալ։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Աշխարհի ամեն կողմը ցրված հայոց ժողովուրդ.

ԼՍԻ՛Ր։

Քեզ է կանչում Հայաստանի օգնության Կոմիտեն։

Քեզ է կանչում Հայաստանի մայրաքաղաքում գումարված ամեն հոսանքի հայ գործիչների և գրականագետների ժողովը։

Եվ գուցե երբեք դու չես լսել նրանց ձայները էսպես միացած ու միահամուռ։