Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/418

Այս էջը հաստատված է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ


Մեծ պատերազմից առաջ մենք՝ հայերս, մեր եկեղեցու բակով սահման ափակած մի կրոնական համայնք էինք (միլլեթ)։

Մեզ հասած հալածանքների ու հարվածների ժամանակ ստիպված էինք խնդրելու մեր եկեղեցու պետին, որ մեզ համար զուր բողոքներ, աղերսներ անի աշխարհքի մեծերին։

Մենք ստիպված էինք մեր խղճուկ դպրոցները զետեղել եկեղեցիների բակերում։ Եվ եկեղեցիների բակերում էլ նրանք ազատ չէին հալածանքներից։

Մենք ազատ չէինք, նույնիսկ, աղետների ժամանակ օգնելու մեր դժբախտ եղբայրներին։

Եվ էսպես անվերջ։

Վերջացավ մեծ պատերազմը։

Թե ինչպես՝ էդ ուրիշ խնդիր է, բայց մեր հայրենի հողի վրա, թեկուզև մի մասի վրա, մենք արդեն ունենք Ազատ Հայաստանի հանրապետություն։

Այժմ արդեն մեզ վրա եկող հարվածների դեմ, աղերսարկու եկեղեցականի փոխարեն, կարող ենք մեր հանրապետական բանակը հանել։

Կարող ենք կառուցանել՝ ինչ դպրոցներ էլ ցանկանանք և ուր ցանկանանք։

Էդպես էլ ամեն մի քայլափոխի զգալու ենք, որ մենք այժմ ազատ քաղաքացիներ ենք և ոչ թե երեկվան անազատ կրոնական համայնքի ծխականները։

Եվ ահա, մեծ պատերազմի ու նրա հետ կապված աղետների հետևանքով, հայ աշխատավոր ժողովուրդը, հայ գյուղացին ընկել է ծանր կացության մեջ։

Իր բերանի հացից սկսած, նա շատ բան է կորցրել էս մի քանի տարվա ընթացքում։

Շատ բան է կորցրել, բայց ձեռք է բերել մեր դարերով երազած ազատությունը։