Եվ որովհետև ունի ազատություն ու իր շինարար բազուկը, շուտով կունենա ամեն բան։
Սակայն նրա էս ծանր օրերին օգնության գալու և նրա շինարար աշխատանքին մասնակից լինելու պարտավոր է ամեն մի հայ՝ մոտիկից սկսած մինչև հեռավոր գաղութները։
Էս օգնությունը երեկվան բարեգործությունը չէ, երբ դեռ կրոնական համայնք էինք միայն։
Էստեղ ամեն մի հայի պետք է առաջնորդի ոչ թե խղճահարությունը, այլ քաղաքացիական պարտքի խոր գիտակցությունը։
Ամեն մի հայ պետք է զգա, որ ինքն Ազատ Հայաստանի քաղաքացին է և գալիս է գործակցելու իր երկրի կառավարությանը։
Ահա էդ գործակցության համար է, որ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվեց Հայաստանի օգնության կոմիտեն, անկուսակցական հասարակական մի մարմին։
Եվ դարերից ի վեր առաջին անգամն է մեր կյանքում, որ էս տեսակ մի մարմին հաստատվում է իր սեփական պետության դեկրետով և իրավունք ունի ազատ շարժվելու իր երկրում, ինչպես իրավունք ունի նաև ամեն մի հայ, որ գալու է իր ժողովրդին ու իր երկրին օգնության։
Նշանակալից երևույթ է, որ, իրարից անկախ ու անտեղյակ, նման մարմիններ են առաջ գալիս և մեր գաղութներում։ Էս նշանակում է, թե կենդանի է հայությունը։
Կենդանի է և ուժեղ։ Երևանից սկսած մինչև հեռավոր գաղութները շարժվում է նա դեպի հայրենիք։
Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժվարություններ ու թշվառություններ հանդիպեն ճանապարհին, նա հասնելու է իր նպատակին։
Հայաստանի ազատ հողի վրա նա շինելու է իր ազատ ու առատ տունը, Հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը և իր խոսքն ասելու է աշխարհքին։