Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/420

Այս էջը հաստատված է

Նա կարող է, և իր կարողությունով նա իրավունք ունի։

Եվ Հայաստանի օգնության կոմիտեները, որ առաջ են գալու ամենուրեք, մեծ դեր ունեն կատարելու էս մեծ շինարարության մեջ։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

<1>

Հայրենակիցնե՛ր.

Համաշխարհային պատերազմի և նրան հարակից յոթնամյա հանրածանոթ ցնցումների հետևանքով ավեր դարձած մեր հայրենիքին և ծայր չքավորության հասած ժողովրդին այսօր սպառնում է մի վտանգ։

Անվերջ պատերազմներից ազատագրված հայ գյուղացին հազիվ դիմել էր իր անվրդով և շինարար աշխատանքին, երբ երաշտը երկրի շատ մասերում ոչնչացնում է տարվա բերքը, և ազգաբնակության վրա ծանրանում սովի ուրվականը։

Էջմիածնի, Ղազախի, Ալեքսանդրապոլի և մյուս վայրերի որոշ մասերը արդեն ենթակա են սովի վտանգին, որի դեմ անկարող են մաքառել ոչ միայն տուժած շրջանները՝ իրենց սեփական ուժերով, այլև ամբողջ երկիրը՝ իր քայքայված տնտեսությամբ։

Ռուսաստանից, Պարսկաստանից և նույնիսկ Միջագետքից ծայր ստացած ներգաղթի հոսանքը կրկնակի սպառնալից է դարձնում իրականությունը։

Աշխատունակ և բնական արհավիրքների դեմ համառությամբ մաքառող հայ գյուղացին, իր այս տագնապալի օրերին, զուրկ է ոչ միայն գյուղատնտեսական գործիքներից և անասուններից, այլև անհրաժեշտ սերմացուից։