Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/434

Այս էջը հաստատված է

լինի և ամեն ճանապարհ մի վերջ ունի, ու վերջն է գովելի։

Եվ ահա էս ամենից հետո Հ. Առաքելյանը մի անզոր ճիգ էլ է անում իմ դեմ, և, մեր օրհնված աշխարհքում ընդունված սովորության համաձայն ու իր հանրածանոթ բնավորությանը հետևելով՝ դիմում է կողմնակի միջոցներով, ստով ու զրպարտությունով անվանարկելու եղանակին։ Երևի ինձանում բան չգտնելով, միանալով Խաչի գյուղացի Տեր-Գրիգորյանի հետ, որ եղբորս պատմություն ունի, մեզ զբաղեցնող առարկան-Գրողների ընկերության վեճը թող արած մի կողմ, իմ դեմ բերում են, թե եղբայրդ Մարցա էջմիածնապատկան կալվածների կառավարիչն է և նեղություն է տալիս գյուղացիներին ու դու էլ պաշտպանում ես քո եղբորը։

Ինչքան էլ Խաչի գյուղացի Վարդանը «ազգի անդամ» լինի, իսկ Առաքելյանը՝ «քառասուն տարվա» գործիչ, ինչպես իրենք են հորջորջում, ես կառաջարկեի մեկի հոբելյանը կատարել, մյուսն էլ նրա «ազնիվ» ճակատը պսակեր, բայց, այսուամենայնիվ, համարձակվում եմ կասկածել, թե էդ առաքինի մարդկանց մտահոգությունը Մարցա գյուղացիների վիճակը լինի, և մինչև անգամ ինձ էնպես է թվում, թե նրանք շատ էլ մեծ նշանակություն չեն տալիս իրենց ասածներին ու տպածներին—ուղիղ է, թե սուտ, տեղի է, թե անտեղի, միայն թե հասնեն որոշ նպատակի։

Հ. Առաքելյանի պատերազմական էս նոր մեթոդի դեմ, նրա անարժեք ու անտեղի լինելը հասկացնելու համար, ես ստիպված եղա նրան հիշեցնելու, թե քո հանգուցյալ հոր մասին էլ խոսում են, որ եղել է վատ ու վաշխառու մարդ․ դու ի՞նչ անես և ինչո՞վ ես պատասխանատու։ Շատ-շատ կարող ես վշտանալ—ուրիշ ոչինչ։

— Հա՛, իմ հորն անվանեցիր վաշխառո՞ւ․․․

Եվ Հ. Առաքելյանը, որ էլ մեռել ու կենդան չի թողել հայոց աշխարհքում, գործիչ ու գործ չի թողել, մարդ ու հիմնարկություն չի թողել, որ չանվանարկի ու չհայհոյի,