վեր կացավ գնաց պետական դատարան գանգատվեց, թե Հովհաննես Թումանյանը ասում է, թե իմ հանգուցյալ հայրը վատ ու վաշխառու մարդ է եղել։ Եվ ահա այժմ ես էլ ստիպված եմ դոկումենտներ ու վկաներ ներկայացնել, թե իրավունք ունեի էդ խոսքն ասելու։ Էս մի դատ։
Էդ ժամանակ վեճը տաքանալով ու ծավալվելով տարածվեց Հ. Առաքելյանի ամբողջ գործունեության վրա, և «Հորիզոնի» մեջ մի հոդված տպվեց, թե Հ. Առաքելյանը․․․
Բանը ընկավ միջնորդ դատարանի։ Հ. Առաքելյանը նկատելով, որ վատ տեղ է մթնել, որպեսզի իր անելիքները իր ընթերցողներից թաքցնի, հայտարարեց, թե ես էլ «Հորիզոնի» անունը չեմ տալու և հետն էլ չեմ խոսելու, ու բռնեց ծածուկ, մասնավոր նպատակներով բանակցելու եղանակին, և էն էլ զանազան մահանաներով ձգձգում է ու աշխատում է էս մի փորձանքից էլ էնպես փախչել, ինչպես փախել է մինչև օրս եղած բոլոր միջնորդ դատերից և էսպես էլ դեռ շարունակվում է։
Էս էլ երկրորդ դատը։
Այժմ գանք եղբորս պատմությանը, որին, չգիտես ինչու, դեմ են դուրս եկել Խաչի գյուղացի Վարդան Տեր-Գրիգորյանը, որ առարկում է, թե «ազգի անդամ եմ» նրա համար, և մի քանի ուրիշ «պաչոտնիներ» ու գյուղական ազդեցիկներ, վերջապես Հ. Առաքելյանը։ Էս գործի վրա էլ նշանակված է երկու քննություն։ Մի կողմից Թիֆլիսի նահանգապետի հրամանով Բորչալուի գավառապետն է քննություն կատարել, որի հետևանքը, ինչպես իմանում ենք հենց «Մշակում» նույն Վարդան Տեր-Գրիգորյանի գրածից-աղետալի է եղել Դսեղա տանուտերի, Լորուտի քահանայի, մինիստրական դպրոցի ուսուցչի, իրեն Տեր-Գրիգորյանի և մի քանի ուրիշների համար, և դեռ տակից ինչեր են դուրս գալու, էն էլ շուտով կտեսնենք։ Մյուս կողմից՝ քննություն է կատարել սինոդի անդամ Մատթևոս եպիսկոպոսը, որ հետևանքը դեռ հայտնի չի։