Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/444

Այս էջը հաստատված է

ունեին ամեն լրբություն անելու…․ Կանանոցումն էլ էս ինչ ու էն ինչ տեղից, [ավելի] հաճախ հայերից, փախցրած հարս ու աղջիկներ են, որոնցից ամեն մինը ունի իր սրտաճմլիկ պատմությունը։ Տեսանք և էդ «ամարաթների» չորս կողմը կուչ եկած հարյուր ավեր մկնաբներ, էդ բեկերի մարդկանց, էսպես ասած, բնակարանները։ Դեպք եղավ, տեսանք և էդ մարդկանցից [իրենց], տաճկական հովանավորությունից դուրս, իր սանձարձակությունից դուրս, անձնատուր եղած, զինաթափ եղած, անճար ու խեղճ մի խուժան․․․․ որ մինչև էսօր թալանելով է ապրել, այժմ էլ ուզում է թալան տալով գլուխն ազատի․․․ որոնք պատերազմի սկզբից [փորձեցին] մի երկու ռուս կազակների հետ վարվեցին էնպես, ինչպես [միշտ] հայերի հետ էին վարվել և․․․ կերան ու ուտում են շարունակ, որոնք [առաջին] կռվում են հայերի հետ։

[Քուրդն ու թուրքը] Հայի գյուղերն են ավերել, մյուս կողմից հայը՝ նրանցը։ [Բայց] Իհարկե ավելի հայերն են տուժել, որովհետև նրանք՝ քուրդն ու թուրքր, իրենց զորքի հետ, քանդելով ու ջարդելով, ետ են գնացել և [մենք գնում էինք նրանց հետքերով]։ [Նրանք ավելի ապրանքով ու ապրուստով են տուժել]։ Որտեղ [կարողացել] հասցրել են՝ կոտորել են հայերի, գլխավորապես տղամարդկանց, ու հետները տարել գեղեցիկ կանանց, և եթե ժամանակ են ունեցել, ռուսական բանակի ու հայ կամավորների սարսափը շատ չի մոտ եղել, [քրդական ու թուրքական] բարբարոսական զվարճություններ են հորինել։ Երեխաների ճակատներին մեխ են զարկել, խաչել են, կենդանի մարդկանց մարմնի զանազան մասեր կտրատել են, զանազան կերպ դասավորել, խաղեր են արել, [դրել են] մինչև կեսը դրել են պղինձն ու [մի] կեսից [մյուսը] ներքև եփել, [մյուսը] որ մյուս մասը կենդանի տեսնի ու զգա, շիկացած երկաթներով էրել են մարմնի զանազան տեղերը [Եվ այլն, և այլն, և այլն] և կրակի վրա խորովել,