և դեռ դրանից էլ ավելին, որ նա չի էլ ձգտում ձեռք բերել չունեցածը։
Ինձ էնպես է թվում, թե բավական անզգույշ և անարդար ձևով շոշափած է մի շատ խոշոր խնդիր։
[Առաջինը] Եթե զարգացում հասկանանք բարձրագույն ուսում, մեր բանաստեղծները, մի երկուսի բացառությամբ, բարձրագույն ուսում ունեն։ Բայց զարգացումը [այժմյան] մի էն տեսակ ապրանք չի, որ միայն արտասահման կամ համալսարանում լինի ծախվելիս, և հենց ինքը՝ պ. Վարանդյանը ցույց է տալիս Մաքսիմ Գորկու վրա, որ առանց համալսարանի և առանց նույնիսկ, միջնակարգ դպրոցի, համառ ինքնաշխատությամբ երեկվա բոսյակի աստիճանից [արևմտյան] եվրոպական գրողի աստիճանին բարձրացավ։ էստեղ արդեն կարևորություն է առնում ձգտումի խնդիրը։
Եվ հենց էստեղ էլ դարձյալ անհամաձայն եմ պ. Վարանդյանին և գտնում եմ անիրավացի կամ անտեղյակ։ Եթե նա կպնդի, ես անուն֊անուն մեջտեղ կբերեմ մեր բանաստեղծներին և կզարմացնեմ նրանց համառ ձգտումի ապացույցներով։
Բայց էականը։ Ի՞նչ է հասկանում պ․ Վարանդյանը զարգացում ասելով, [և] ինչպես է երևում զարգացումը [գրողի] բանաստեղծի գրվածքի մեջ առհասարակ և ինչի՞ցն է երևում, որ պակասում է հայ բանաստեղծի երգերում մասնավորապես։
Մի ժամանակ կար, որ զուտ գիտությունները չափի տակ էին դնում ու ոտանավորներ գրում թվաբանությունից, երկրաչափությունից, աշխարհագրությունից և այլն, և այլն։ [Ես համոզված եմ]։ Ինչ ասել կուզի, որ պ. Վարանդյանն էս չի ուզում։ Այնուհետև և էսօր էլ քաղաքական և քաղաքացիական խնդիրները շատ հաճախ դառնում են բանաստեղծության նյութ, և շատ են հավանություն գտել շատերի կողմից թե՛ առաջ, թե՛, նույնիսկ, այժմ։ Ապա թե փիլիսոփայական կամ գիտական զանազան պրոբլեմներ միշտ զբաղեցրել են էս կամ էն բանաստեղծին և զբաղեցնում են