Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/465

Այս էջը հաստատված է

բայց ինչպես ամբողջ աշխարհքի, էնպես էլ հայերի համար, ավտոնոմիան ուտոպիա չի, այլ շատ հասարակ մի հասարակական կարգ։ Ուտոպիան էն է, որ չկա և չի լինելու, իսկ ավտոնոմիան կա, լինում է և կլինի, և ազգերն էլ էդ կողմն են գնում, էդ կողմն է գնում և Ռուսաստանը, ինչպես պարզ վկայում է Լեհաստանի խնդիրը։ Եվ չէ՞ որ ավտոնոմիան բնավ սեպարատիզմ չի ենթադրում։ Ձեզ ավելին, ասեմ, եթե Ռուսաստանը մեզ ավտոնոմիա տար ու ասեր՝ «դե՛, մնաք բարով, ես գնում եմ», գոնե ես շատ կվախենայի․․․

Մի՞թե մի Անգլիա հսկայական ապացույց չէ, թե ավտոնոմիան ոչ ուտոպիա է, նույնիսկ ամենաչնչին մարմինների համար, և ոչ էլ սեպարատիզմ։ Ընդհակառակը, չափազանց հասարակ ու հնարավոր մի կարգ է և ապահով ու կենդանի կապ։ Նա երկու պալատով ավտոնոմիա է տվել, նույնիսկ, մի որևէ Մենե կղզու, որի լենքը 12 վերստ է երկենքը 15 վերստ։ էդպես էլ շատ շատերին։

Եվ, դրանք բոլորը, իբրև մի-մի ինքնուրույն կենդանի մարմիններ, միաժամանակ հանդիսանում են Անգլիայի անբաժան ու առողջ մասերը, միացած կազմում են Բրիտանական մեծ պետությունը և էսօր էլ պատերազմի ժամանակ, ամենահեռավոր օվկիանոսներից, շտապով նրան օգնության են գալիս։ Եվ, անշուշտ, Բրիտանական մեծ բանակի ու նավատորմիղի մեջ իրենք էլ զգում են, որ մեծ են, որ էն բանակն ու նավատորմիղը իրենցն էլ է։

Ահա մենք էլ էսօր Ռուսաստանի համար ասում ենք՝ մեր պետությունը, մեր զորքերը, մենք հաղթեցինք, մենք կհաղթենք և այլն, և այլն, և [շատ ու շատ] ցանկալի է, որ էս կապն ավելի կենդանանա ու [զորանա] ամրանա։ Մանավանդ նկատեցեք, որ մի որևէ թեկուզ Մենե կամ Տրինիդատ շրջապատված են եղել ու շրջապատված են ջրի ծովով, իսկ մենք, ինչպես և մեզ [նման] ընկեր ժողովուրդները, միշտ շրջապատված ենք եղել արյունի ծովով, որի մեջ դեռ լողում է մեր կեսը, և միշտ կարոտ ենք հզոր