Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/476

Այս էջը հաստատված է

Եվ ահա էս ամենի համար [անդիմադրելի] պարտականություն եմ զգում եղբայրական համբույր ուղարկելու [դեպի] նրանց, Ռուսաստանի լավագույն զավակներին, որ կյանքում լավագույնն են փնտրում, ընտրում ու սիրում։

Վերջապես [հրապարակորեն] եկավ վաղուց սպասված գիրքը՝ Поэзия Армении Հայաստանի բանաստեղծությունը։ Եվ ռուսներից ու ռուսախոս հայերից նրանք, որ միայն Հայաստանի թշվառությունն [գիտեին] էին լսել, կոտորածներն ու սարսափները գիտեին, [թող] այժմ կտեսնեն և նրա բանաստեղծությունը [Եվ առաջին փորձը, առաջին ծանոթությունը․․․] ու կսիրեն։ Չեն կարող չսիրել, որովհետև ինքը ամբողջ սեր է, իսկ, մեր անզուգական Սայաթ-Նովայի խոսքով ասենք, «Սերը սեր կու բերե․․․» և

«Աշուղի լեզուն բլբուլ է, օրհնանք ունի, [անեծք] նալաթ չըկա․․․»2:

ԱՆՊԵՏՔՆ ՈՒ ՊԵՏՔԱԿԱՆԸ

Մի երկու երեք ամիս առաջ «Հորիզոնում» մի հոդված գրեցի, թե «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի»։ Նրանից հետո էս առարկայի վրա մի շարք հոդվածներ դուրս եկան, բայց քանի գնացին՝ խնդիրը ճյուղավորեցին ու հեռացան գրականությունից, վերջը «Ազգային պաշտպանություն» վերնագրի տակ սկսեցին [խոսել ամեն բանից, մտան] արծարծել ամեն տեսակ հարց ու խնդիր և միայն գրականությունը մնաց դուրսը։ Բացառություն կազմեց միայն մեկը, եթե չեմ սխալվում։ Բայց էս մասին հետո։

Այժմ խոսենք հայոց լեզվի մասին։

«Ազգային պաշտպանություն» վերնագիրը կրող հոդվածների մեծ մասը առաջ քաշեց լեզվի շատ կարևոր խնդիրը։ Ընդհանրապես շատ ցավալի [էին] ներկայացրին հայոց լեզվի վիճակը, [և առաջարկեցին] թե գաղութներում