ՕՐԻԵՆՏԱՑԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԵՆՔ
I
Կռվող մեծ պետություններից երկուսը՝ Ռուսաստանն ու Տաճկաստանը, չկարողացան դիմանալ մինչև կռվի վերջը:
Տաճկաստանը երեք իրար հետևող կռիվներից՝ իտալական, բալկանյան ու ներկա կռիվներից [վերջա] ուժասպառ եղավ ու քայքայվեց, իսկ Ռուսաստանը, իր վատ կառավարության պատճառով, ընկավ հեղափոխության և ապա անիշխանության թոհ ու բոհի մեջ։ Եվ էս ներքին ալեկոծությունը միանգամից էնպես տակնուվրա արավ մեծ Ռուսաստանը ու անդամալուծեց, որ այժմ Անդրկովկասում ոմանք [նրան համարում են մեռած և թուրքական] տաճկական օրիենտացիայի խոսք են անում։ Հարկավ, նրանք, որոնք էս խոսքն անում են, համարում են Ռուսաստանը վերջնականապես մեռած կամ Տաճկաստանն ուժեղ ու կենդանի։
Երկու դեպքում էլ սխալվում են։ [նախ կռիվը դեռ շարունակվում է և ով գիտի ինչ անակնկալներ է բերելու հենց մեզ համար Անգլիա]։ Ռուսաստանը մեռած չի, այլ [ծանր] հիվանդ է։ Եվ նրա հիվանդությունը կարելի է նմանեցնել ծանր տիֆի, որից եթե լավանում են մարդիկ՝ բժշկվում են միաժամանակ ունեցած և նույնիսկ գալիք շատ ուրիշ հիվանդություններից։ Այժմ նա տակավին տագնապի մեջ է, ճգնում է ուշքի գալ և զառանցում է, հաճախ շատ գեղեցիկ զառանցանքներ։ Ինչ ասել կուզի, որ պիտի առողջանա և առողջության դեպքում շատ բարիքներ է խոստանում իրեն բախտակից ժողովուրդներին։ Բայց մինչև առողջանալը թե ինչեր կարող են պատահել, դա էլ ջոկ հարց է և շատ լուրջ հարց թե՛ բոլոր զգաստ ռուսների և թե՛ Ռուսաստանի [քաղաքացիների], այլ ժող<ովուրդների> համար։