և սրանց նմանները։ Իսկ սրանց ձեռքով և առհասարակ կոտորածներով ու սարսափով կարելի է երկրներ ավերել, բայց իբրև պետություն տիրել ու իր հետ պահել՝ անկարելի բան է։
Կովկասում տաճկական օրիենտացիայի մասին նա պետք է խոսի, ով հավատում է Գերմանիայի հաղթանակին։ [Ով հավատում է, որ Գերմանիան]։ Մի բան, որ, համարձակվում եմ ասել, ինքը Գերմանիան էլ չի հավատում՝ արդեն օրեցօր աճող անգլո-ամերիկյան ահռելի ուժերի ու միջոցների հանդեպ։ Եվ անգլիական ցեղն ու իր դաշնակիցներն են, որ վճռելու են ժողովուրդների ճակատագիրը վերջիվերջո [իսկ մինչև էդ օրը մյուս կողմից Ռուսաստանում էլ, ինչ ուզում է լինի, մի կարգ ու մի իշխանություն է հաստատվելու վերջապես]։
Իսկ մինչև էդ օրը մենք՝ կովկասյան ազգերս, պետք է և՛ մեր գլուխը պահենք, և՛ իրար պահենք։ Շատ կսխալվենք իրար դեմ դիրք բռնելով ու իրար դեմ դուրս գալով։ Դրանով ոչ մի բան չենք վճռել, որ վաղը չքանդվի մեծ հաղթական պետությունների ձեռքով։
Բայց շատ բան կքանդենք, որ երբեք չի շինվիլ ոչ մի ձեռքով, և շատ թշվառություններ կպատճառենք մեր ժողովուրդներին։ Ասում եմ կպատճառենք, որովհետև ժողովուրդներին առաջնորդող տարրերն են լինելու պատճառը էդ ամենի, [ինքը] իրենք՝ ժողովուրդները, բնավ ցանկություն չունեն ընդհարվելու և հոգնելու ու զզվել են պատերազմից։ [Վեր առնենք հենց թուրք ժողովուրդը, որ պատերազմից շատ չի տուժել և այժմ էլ շատ տեղերում հանցավոր խլրտումներ է անում։ էդ խլրտումներից...]։
II
Նա, Տաճկ<աստանը>, ըստ երևույթին, խաղաղություն չի ուզում կամ ավելի ճիշտը չի հասկանում, թե [վերջապես] իրեն հարկավոր է հարմար մոմենտից օգտվել,