Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/489

Այս էջը հաստատված է

և ռուսական մեծ հեղափոխության մեջտեղը, էդ երկու զորեղ հոսանքների միջոցով (сквозняки) քամուց, էսպես ասած, հեղափոխական հարբուխ ստացան։ Ես ուրիշ կերպ չեմ կարող անվանել մեր երիտասարդության հեղափոխականությունը, մի հեղափոխականություն, որ ոչ մի լուրջ մտավոր պատրաստություն չուներ, ոչ մի ծանոթություն ժողովուրդների տնտեսական կացության ու կառ<ավարական> ռեժիմի հետ, և միայն մի անբովանդակ անուն էր, որ տվին նրան, մի կարմիր լենտ էր, որ հանկարծ կապեցին հայ հայդուկի փափախին և նա էլ կրեց առանց նրա նշանակությունը հասկանալու, իբրև լոկ զարդարանք և ուրիշ ոչինչ։ Դրա ամենապերճ ապացույցն եղավ Դաշնակցության դատը։ Կրկին երեք տարի տակնուվրա արին մեր բոլոր գյուղերն ու քաղաքները, [քանի] անթիվ ու անհամար խուզարկություններ կատարեցին, բանտերը լցրին մարդկանցով ու թողեցին, [ջոկեցին] հավաքեցին բոլոր փաստերը, փաստաթղթերն ու վկաները, հավաքեցին բոլոր վտանգավորներին, տարան ամիսներով դատեցին սենատում և սրանից դուրս եկավ էն, ինչ որ հայտնի է ամբողջ աշխարհքին․․․

Նույնիսկ կառավ<արության> պաշտոնյաների դեմ կատարված գործողություններից ոչ մեկն էլ չէր կրում հեղափոխական բնավորություն, նույնիսկ դրանք էլ արյան վրեժի բնավորություն ունեին, իսկ ընդհանուրը, թուրք-հայի ընդհարում<ների> ժամանակ ազգային ինքնապաշտպանություն՝ ուրիշ ոչինչ։

Գրեթե ամբողջ Ռուսաստանը դատապարտեց էդ գործը, մանավանդ, երբ մեջտեղն էլ ափաշկարա հայտնի եղան քննիչ Լիժինի կեղծիքները4։ Դեռ նստածները իրենց տները չէին հասել, Կովկասի քաղաքներում էլ դեռ չէին վերջացել էս մեծ դատի մնացորդները, երբ [վրա հասան]․․․