հոնորարի առյուծի բաժինը ձեզ եք հատկացնում, և էս ամենի անունը դնում եք սեփական գրադարան նվիրել կամ եզակի առաքինություն։ Եվ, մազալուն որն է՝ ձեր անունը Ազգագրական ընկ<երության> մեջ միայն քարտուղար է․․․
Եվ հանդիմանում եք, թե ինչու Թումանյանն էլ էդպես չի անում Գրական ընկ<երության> մեջ։
Ճշմարիտ որ էսպես վարվող մարդը շատ այլանդակ կարծիք պետք է ունենա էս աշխարհքի ու էս աշխարհքի մարդկանց վրա կամ մարդկային առաքինություն ասած բանի վրա առհասարակ։
Էդ ցուցանակի ետևը եթե ինձ համար մի թանկ բան կա, էն է, որ մեր ազգագրական նյութերը պետք է խնամքով հավաքվեին ու հրատարակվեին, բայց էդ գործն էլ, որ ես էնքան սիրում եմ և որի համար շատ սրտալի վերաբերմունք եմ ցույց տվել, հենց էդ Ընկ<երության կողմից> էնքան անխնամ ու ձախ է տարվում, որ դեռ անցյալ տարի առաջարկություն արի Հայոց ուսուցչական միությանը ձեռնարկելու մի ազգագրական պարբերական հանդեսի հրատարակության և խոստացա գտնել առաջին գրքերի ծախքը։
Որպեսզի կարդացողները չկարծեն, թե բարկացածի խոսքեր եմ ասում և տեսնեն ու համոզվեն, թե ազգագրական նյութերն էլ, որ Ազգագրական ընկ<երության> էությունն են կազմում, ինչքան են անվստահելի ու ինչքան են խարաբ, առաջ կբերեմ միայն Բորչալուի ուսումնասիրությունից ու քարտեզից միայն մի քանի օրինակներ նմուշի համար։ Առեք «Ազգագրական Հանդես» № 11։
Ասում է.
«Ոչ ծեր եմ քուն ունենամ, ոչ կնիկ եմ տուն ունենամ» (էջ 63)։
Պետք է լինի.
«Ոչ ծիտ եմ բուն ունենամ, ոչ կնիկ եմ տուն ունենամ»։
Ասում է.
«Դրսիցը խասա, միջիցը հազար» (նուռը)։