միջից (թեև շատ արագ ու թեթև), և չեմ կարողացել մերվել, ձուլվել ոչ մեկի հետ։
Եվ սրա պատճառը հենց նրանց վատությունը չի եղել։ Ո՛չ, և ոչ էլ նրանցից հալածվելը, և գլխավորը թերևս էն, որ ես ուրիշ եմ․ ես չեմ կարող մի ծրագիր ընդունեմ ու 40 տ<արի> դրա վրա նստեմ ու պարծենամ, ճիշտ էնպես, ինչպես պարծենում են «Մշակի» մարդիկը, թե 40 տ<արի> մենք մնում ենք հավատարիմ Արծրունու գաղափարներին և նույն ուղղությանը։ Էդպես էլ ուրիշ հին կուսակցություններ։ Մարդիկ ուզում են սրանով պարծենան ու աշխարհք զարմացնեն, իսկ ես ապշում եմ, թե ինչպես կարելի է 40 տ<արի> նույն կարծիքի լինել ու չփոխվել։
Նրանք ինձ հիշեցնում են Մոլլա Նասրադինին, որ սազի մի տեղից բռնել էր ու անդադար զարկում էր լարերին միօրինակ։ Երբ կինը հարցնում է, թե՝ ա՛յ մարդ, ախր սազ ածելու ժամանակ ուրիշները [ձեռներ] մատները ման են ածում․ մոլլեն պատասխանում է, թե՝ նրանք ման են ածում, որ գտնեն ու չեն գտնում տեղը, իսկ ես գտել եմ։
Եվ շարունակում է զարկել նույն ձևով, նույն տեղը, նույն լարերին։
Պատահում է, օրինակ, որ ոչ միայն 40 տարվա, այլ նույնիսկ 40 օրվա ընթացքում [պատահում է իմ] մարդու մեջ հիմնական փոփոխություններ են կատարվում։
Դեռ ավելի արագ։
[Մարդը կարծում է, թե քրիստոնեությունն ու եկեղեցին նույն բաներն են։ Մի քիչ խորամուխ է լինում և տեսնում է, որ ոչ թե նույն բաները չեն, այլ մինչև անգամ հակառակ բաներ են։ Էսօր կարծում է, թե աստված է մարդուն ստեղծել, էգուց [համոզվում է հակառակը] տեսնում է, որ, ընդհակառակը, մարդն է աստծուն ստեղծել։
Կարծում է, թե սոցիալիզմն ու սոցիալիստները <1 անընթ.> նույն բաներն են ու հանկարծ [տեսնում է] վերահասու է լինում, որ դա էլ քրիստ<ոնեության> ու