Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/495

Այս էջը հաստատված է

մինչդեռ գաղափարի մարդը միշտ գրավիչ է և ազնիվ։

Եթե հոգևորական է՝ լինում է մոլեռանդ [ու] անգիր արած դուրս է տալիս ավետարանի նախադասությունները, որոնք ոչ մի կապ չունեն իր սրտի հետ, իր ներքին [աշխարհի] մարդու հետ, և մի սպանանիր ասելով, միշտ կարող են ինկվիզիցիա սարքել։

Եթե սոցիալիստ է՝ անգիր գիտի ինչ են ասել Մարքսն ու Էնգելսը, բայց բնավ չգիտի, թե ում, որտեղ, ինչ պետք է ասի ինքը, [և] դուրս է տալիս նրանց բառերն ու նախադասությունները և վերջիվերջո տեռորն է իր իդեալը՝ անհատական թե մասսայական, [էսպես է նրանց անկարողությունը] իբրև իր ներքին անկարողության ապոֆեոզը։

Էսպես։ Ոչ սրանցից եմ, որ սրանց հետ լինեմ, ոչ էլ, ինչպես ասի, իբրև քրիստոնյա կամ սոցիալիստ էնքան կատարյալ, որ թեկուզ էն սակավաթիվ սոցիալիստների ու քրիստոնյաների հետ լինեմ, որոնք պակաս չեն [ինչպես] կյանքում։

Վերջապես, ինչքան էլ վերջիններիս հարգեմ ու սիրեմ, մենք մի տեսակ հոգեպես տարբեր կլիմաների մարդիկ ենք։ Մինչդեռ [քրիստոնյայի] մեկի պաշտամունքի կենտրոնը բարոյականությունն է, մյուսի իդեալը ազատ ու արդար հասարակարգը, իմ և իմ նմանների պաշտամունքի առարկան գեղեցիկն է։

Գեղեցիկ, որ ասում եմ՝ շատերը գեղեցիկ կին կհասկանան, ինչպես բարոյականություն, որ ասում ենք՝ [լոկ] սեռական [բարոյա] ողջախոհությունն են հասկանում։ Բայց ես քչերի հասկացած գեղեցիկն եմ ասում։

[Սրանից հետո ես ինչպե՞ս կարող եմ զինվորագրվել որևէ կուսակցության կամ նրա թերթին։

Մի՞թե աչքեր չունեք դուք]։

Եզրափակումը։

Կուսակցական մարդը, հիրավի, կուսակցության զինվորն է, կուսակցական մարմնի ամբողջության մի անդամն ու