Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/513

Այս էջը հաստատված է

1921


<ԻՄ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈԻ ԱՌԻԹՈՎ․․․>

Իմ Երևան գալու առիթով զանազան շրջաններում զանազան բաներ հնարեցին ու [տարածեցին] ասին, բացի էն, որ պետք է իմանային ու ասեին։ Եվ այժմ ստիպված եմ ասելու, թե ինչու էս ժամանակին ես Երևան եկա, ենթարկվելով ոչ միայն շատ դժվարությունների, այլև շատ վտանգների, և մի կարճ հաշիվ տալ, թե ինչի հանդիպեցի։

Փետրվարի 18-ի հեղաշրջումով1 մեր ժողովուրդը և մեր ինտելիգենցիան ակներև ընկել էր մի փորձանքի մեջ։ Պետք էր նրան էդ փորձանքից ազատելու փորձ անել։

Թիֆլիսի հայությունը տակնուվրա էր լինում պարզ [զգալով] տեսնելով մոտալուտ վտանգը։ Սկզբում չէին հավատում, իսկ երբ հավատացին, համարում էին մի դժբախտ ավանտյուրա և գիտակ շրջաններում բացատրում էին դրսի դավադրությունով։

Ես էս մտքով մի նամակ զետեղեցի տեղական մամուլի մեջ2, որը ես տակավին ետ չեմ վերցնում, թեև նրանից հետո շատ բան է պարզվել ինձ համար։ Բայց էդ պարզած հանգամանքներն ավելացել են իմ գիտցածին, ոչ թե hերքել։ Մի խոսքով, ինչ էլ որ եղած լիներ պատճառը, պետք էր միջամտել խաղաղ լիկվիդացիայի ենթարկել սկսված խռովությունը։

Առաջ եկավ Երևան պատգամավորություն ուղարկելու խնդիրը։ Պատգամավորությունը անկարելի եղավ։ Կարելի եղավ միայն իմ գալը։