Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/52

Այս էջը հաստատված է

գրական հոբելյանի գործի գլուխը և կամ չլինի թե գրական ֆոնդի խնդիրն էլ էդ ժամանակ դրվի հրապարակ։

Զարմանալի է, որ թերթը չգիտի, թե ինչպես Էջմիածինն արդեն գրական ֆոնդը հանել է հայոց գրական տոնի ցուցակից և միայն դպրոցականի համար է տվել կոնդակ, թեև էդ չի նշանակիլ, թե հայոց գրական ֆոնդի խնդիրը հանել է գրականությունը սիրող մարդկանց սրտից և կամ թե Գրական ընկերությանը զրկել է գրականության մասին հոգալու իրավունքից։ Ինչ վերաբերում է էն երկյուղին, թե Հայոց գրական ընկերությունը կարող է անցնել գրական տոնի գործի գլուխը, կարող եմ նույնպես հանգստացնել թերթին։ Արդեն թեմիս սրբազան առաջնորդը հրավիրում է բոլոր հոսանքների և բոլոր մարմինների ներկայացուցիչներին միանալ, ընտրել մի ընդհանուր մարմին ու միասին, միահամուռ ուժերով կազմակերպելու և առաջ տանելու դպրոցական ֆոնդի գործը և տոնելու ազգային գրական մեծ տոնը։ Հայոց գրական ընկերությունն էլ ամենայն ուրախությամբ կգնա միանալու և միասին գործելու մյուսների հետ, իսկ իր գրական ֆոնդի համար, ինչպես և ասի, կհոգա առանձին, ինչպես ինքը կգտնի հարմար ու վայելուչ։


ԶԱՏԿԻ ԱՌԻԹՈՎ

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ։ Ամբողջ օրը գրեթե զբազված էր նրանով։ Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը։

Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ էլ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկը պիտի գա։

Զատիկն եկավ, և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից։ Մորթեցին։ Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես․․․