Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/521

Այս էջը հաստատված է

իսկ գյուղերի ժողովուրդը-դեպի [Մարգարայի] Արաքսի կամուրջը՝ դեպի տաճիկները։

Դեպի Զանգեզուր․․․
Եվ․․․
Դեպի տաճիկները․․․

Զանգեզուրը՝ դա արդեն Հայաստանի եզերքն է։ [Եվ Հայաստանի եզերքը հասած [հայ ինտելիգենցիան] դաշնակցությունը մտածելու շատ բան ունի։ Բայց ամենից առաջ] Եվ էնտեղ, Զանգեզուրի ձորում դաշնակցությունը պետք է մտածի, որ արդեն Հայաստանի եզերքը հասավ։

Էլ դենը տեղ չկա։ [Եվ] Ես, [որ] դաշնակցության ինտելիգենցիայի շարքերում շատ մոտիկ ընկերներ ունեմ, որոնց հետ շատ եմ կռվել, մանավանդ էս վերջին տարիները։ Իրենք էլ [միշտ] զգացել են, անշուշտ, որ թշնամությունը չի խոսում իմ մեջ, այլ [ազնիվ] զայրույթը։ Էսօր էդ ձորն ընկած ընկերների հետևից, էդ ձորն ընկած [բազմության] հարազատ ժողովրդի հետևից ես անընդունակ եմ քար շպրտելու ինչքան էլ նրանց հանցավոր գիտենամ, ես [անընդունակ եմ] չեմ կարող նույնիսկ իմ առաջվան խոսքերը [ասելու] կրկնել։

Ընդհակառակը, ես լիքն եմ խորին ցավով ու արգահատանքով, և միմիայն մի խոսք կուզենայի ուղղել նրանց հետևից․

- Էդ ճանապարհը ձեզ [էդտեղ] Հայաստանի եզերքը հասցրեց․ ե՛տ դարձեք ձեր ճանապարհից․․․ Եվ շուտով, շուտով դեպի նոր ճանապարհ․․․

Ես չգիտեմ ինչ են մտածում նրանք էնտեղ՝ Զանգեզուրի ձորում։

Մեծ աղետներից ու մեծ հիասթափություններից հետո գուցե թե արդեն վրա է հասել մեծ ապաշավանքը․․․

Նրանց չեմ տեսնում։

Բայց տեսնում եմ մյուս կողմը՝ կոմունիստներին Երևանում։