Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/532

Այս էջը հաստատված է

գրական շրջաններին, շատ քիչ է ծանոթ․ այսօրվա բանախոսությունը և հետագայում նրան նվիրված մի շարք երեկույթները նպատակ ունին ծանոթացնելու մեր հասարակությանը Սայաթ-Նովային։

Նրա գերեզմանն էլ մինչև այժմ մնացել է անզարդ և այդ մասին ոչ ոք չի հոգացել։ Այժմ, երբ կա Հայոց գրական ընկերությունը, նշանավոր երգչի գերեզմանը պետք է մահարձան ունենա։ Արդեն Ընկերության մեջ կազմված է այդ նպատակով հատուկ հանձնաժողով, որ ձեռնարկել է գործի1։

Ապա պ. Թումանյանը հիշատակեց, որ եթե Սայաթ-Նովայի երգերը փրկված և գրականության սեփականություն են դարձած, միայն հանգուցյալ Գևորգ Ախվերդյանի ջանքերով, մի իսկապես եվրոպական մտքով լուսավորված մարդ, որը ամենայն խնամքով հավաքել և հրատարակել է այդ երգերը։ Պ. Թումանյանի առաջարկությամբ ժողովը ոտքի կանգնելով հարգեց Ախվերդյանի հիշատակը։

<II>

Հովհ. Թումանյանը գտնում է, որ բանաստեղծի մասին խոսելիս քննադատության մեթոդին երկրորդական տեղ պետք է տալ։ Ասում է՝ այս կամ այն մեթոդով չի կարելի գտնել բանաստեղծին կամ բանաստեղծությունը նրա գրվածքների մեջ, ինչպես չի կարելի անդամահատության այսինչ կամ այնինչ եղանակով անդամահատելով գտնել գեղեցկուհու հրապուրանքը։ Մեթոդներով ամեն բան էլ կգտնենք, բայց[1] բանաստեղծությանը կամ բանաստեղծին կարելի է գտնել զգացումով, ըմբռնումով, հոտառությամբ։ Ապա երբ արդեն գտնված է բանաստեղծը, նոր միայն գործադրել մեթոդները նրան վերլուծելու։

  1. Թերթում՝ բացի