նախագահ Հովհ․ Թումանյանը, բանալով երեկույթը, մի քանի խոսք ասաց և մի երկու հիշողություններ պատմեց նրա մասին։ Քսանհինգ տարի առաջ, ասաց պ. Թումանյան, հայ ազգը ընկղմված էր խոր սուգի մեջ իր մեծ վիպասանի՝ Րաֆֆու մահվան պատճառով։ Անցել են այդքան տարիներ, դեռ հայի աչքը չի ցամաքել, այնքան տարիներ հայի սրտում ապրում է դեռ վիպասանին համակած մեծ ցավը նրա հիշատակի հետ միասին։
Այսօր, որ հարգանքի խոսքեր ենք ասում Րաֆֆիի հիշատակին, չի կարելի չհիշատակել նրա մեծ աշխատասիրությունը, որով միայն կարելի էր այնքան բեղմնավորության հասնել։ Ինքն անմատչելի էր հասարակությանը, հասարակական վայրերում գրեթե չէր երևում, շատ գործերի չէր խառնվում և չնայած միշտ էլ նյութական մեծ կարիքների մեջ, ամբողջովին նվիրված էր իր գրական աշխատանքներին։ Քսանհինգ տարի առաջ Րաֆֆու մահը մեծ սուգ էր հայի համար, ճիշտ է, բայց նա միևնույն ժամանակ և՛ գրականության հաղթանակն էր։ Թիֆլիսի, ինչպես և ամբողջ հայությունը, դեռ տեսած չէր Րաֆֆիի թաղման պես մեծ հանդես. նրանով գրականությունն սկսում էր հարգանք ու պատիվ վայելել հայի կյանքում։
Հայի հիացմունքը այնքան մեծ է դեպի Րաֆֆին, որ մինչև այսօր քննադատություն չի ուզում լսել նրա մասին, այլ միայն գովասանք ու կեցցե։
<ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊԱՅԻ ՄԱՍԻՆ>
<I>
Հովհ. Թումանյանը մի երկու խոսքով բացատրեց երեկույթի նպատակը՝ ասելով.
Րաֆֆի և Գամառ-Քաթիպա, երկու անուններ են սրանք, որ. խոսել են հայ ժողովրդի սրտի հետ, խոսել են նրա ցավի մասին։ Մեկը այդ ցավով տոգորված իր խոսքն