Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/536

Այս էջը հաստատված է

ուղղում էր Վանա ծովակին, մյուսը քայլամոլոր թափառում էր Արաքսի ափերին1։ Այն ժամանակ մենք ունեինք բեմի վրա Ադամյան, հրապարակախոսության մեջ Գ. Արծրունի, վիպագրության մեջ Րաֆֆի, բանաստեղծության մեջ Գամառ-Քաթիպա։ Մի շրջանի գրողներ ու գործիչներ էին, մի քանի տարվա ընթացքում էլ 90-ական թվականներին մեռան գնացին իրար ետևից։ Մի քանի ամիս առաջ լրացավ Արծրունու մահվան քսանամյակը, անցյալ շաբաթ լրացավ Րաֆֆու մահվան 25-ամյակը, ամիսներ առաջ լրացել էր նաև Գամառ-Քաթիպայի մահվան 20-ամյակը, որն անցավ միանգամայն լռությամբ։ Գրական ընկերությունը այն ժամանակ դեռ կազմված չէր։ Այսօր միայն հնարավորություն ենք ունենում նվիրելու նրա հիշատակին մի երեկույթ։

<II>

Հ. Թումանյան 20 տարի առաջ արած դիտողություններով ցույց է տալիս Գ․ Քաթիպայի լեզվական սխալները և անծանոթությունը մեր կյանքի շատ կողմերին, բերելով դրա համար բազմաթիվ օրինակներ։ Այդ անծանոթությունը նա բացատրելի է գտնում հետևյալ հանգամանքով․ հայ գրականությունը կարելի է երկուսի բաժանել՝ բնաշխարհիկ և տարաշխարհիկ․ առաջինն այն է, որ ծնվում և սնվում է մայրենի հողի վրա, մայրենի միջավայրում։ Երկրորդն այն է, որ, կտրված հայրենիքից, զարգանում է օտար երկնքի տակ՝ հայ գաղութներում, նկատվել է, որ այս վերջինները հայրենասիրության միշտ մեծ կորով են երևան բերում՝ օր. Ալիշանը, ինչպես և Գ. Քաթիպան․ բայց հենց որ նրանք վերացական մտքերից դիմում են հայ կյանքի կոնկրետ ձևերին, անմիջապես ցույց են տալիս իրենց անծանոթությունն այդ կյանքին։ Այդպիսիներից են և Գ. Քաթիպայի սխալները, բայց համաձայն է դասախոսի հետ, որ Գ. <Քաթիպայի> լեզուն կաբինետային չէ․․․