Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/539

Այս էջը հաստատված է

Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր՜ առաջին շրջանի երգերը, և այժմ, ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում»1։


<ԽՈՍՔ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ Եվ «ՄՇԱԿԻ»

ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>

Հովհ. Թումանյանը հայտնում է, թե փողը չէր պատճառը, որ Րաֆֆին հեռացավ «Մշակից»։ Պատմում է, թե այն ժամանակ, երբ դեռ գրողները քիչ էին ու գրականությունը ավելի անպաշտպան, մամուլը այնպես էր բռնացած գրականության վրա, որ ինչքան էլ տաղանդավոր ու հռչակավոր լիներ գրողը, այսուամենայնիվ, համարվում էր էս կամ էն թերթի զինվորը, ճորտը, և վայն եկել էր տարել, եթե համարձակվեր հեռանալ կամ հակառակ կարծիք հայտնել։ Ու մեր բոլոր գրողները, բոլոր տաղանդները հալածվում ու հայհոյվում էին ամենաանխնա կերպով, մանավանդ «Մշակի» կողմից։ Եվ «Մշակի» էն թշնամական վերաբերմունքը, որ այսօր էլ դեռ շարունակվում է հայոց գրականության դեմ, նոր չի, դա մի տրադիցիա է, որ Արծրունու ժամանակից է գալիս։ Նորերը չեն իմանալ, բայց հները լավ կհիշեն, թե նա ինչպես էր խոսում հայ գրողների դեմ, հայ տաղանդների դեմ։ Աղայանի նման մի գրող երբ իրեն «Երկու քույրը» տպեց և ուղարկեց մամուլին, «Մշակը» էն տեսակ մի բան գրեց նրա մասին, որ ես չեմ կարող առաջ բերել, էնքան է տգեղ ու անվայել։ Կհիշեն, թե ինչ հալածանք էր հարուցել «Մշակը» հանգ. Ադամյանի ու իր ընկերների դեմ։ Եվ ռուսաց «Кавказ» թերթն էր, որ Պետրոս Ադամյանին պաշտպանում էր հայ թերթի ծաղրից ու հարձակումներից։ Էդ ժամանակ Րաֆֆին «Մշակի»