Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/541

Այս էջը հաստատված է

ձևերով, թեկուզև էդ միտքը կամ գաղափարը կարող է շատ հրատապ խնդրի կերպարանք ու բնավորություն ունենալ և շատ հուզել ժամանակակից հասարակությունն ու հռչակ տալ հեղինակին։ Սրանից է, նույնիսկ, առաջ գալի էն երևույթը, որ կյանքում հաճախ տաղանդավոր գրողից ավելի մի անտաղանդ գրող է աղմուկ հանում ավելի շատ ու հռչակվում՝ իբրև օրինակ կարող եմ հիշատակել ռուսաց գրականությունից Պուշկինի և իր ժամանակակից մի ուրիշ բանաստեղծի դեպքը, մի բանաստեղծի, որի անունը մոռացել եմ, բայց կա ռուսաց գրականության պատմության մեջ, և իրենք ռուսներն էլ են մոռացել։ Իր ժամանակին ռուս հասարակությունր շատ ավելի բարձր էր դասում նրան Պուշկինից, բայց մի Բելինսկի եկավ ցույց տվեց, որ միտումավոր մի գրող, որ հասարակությանը հուզող զանազան խնդիրներ առնում է նույնությամբ, հանգի դնում և չափածո տողերով տալիս հասարակությանը, նա բանաստեղծ չի, կեղծ ապրանք է ծախում, և ժամանակի արևի տակ նրա գույները խունացան։

<ԳՐ. ԱՐԾՐՈԻՆՈԻ ՄԱՍԻՆ>

Առհասարակ ինչպես շատ խնդիրների մասին, էնպես էլ Արծրունու մասին միանգամ արդեն հայտնված ու տարածված կարծիքն ընդունվում է ճիշտ և անվիճելի շատերի կողմից, որը առաջ է գալիս խնդրի ոչ հիմնավոր ուսումնասիրությունից։ Շատերը կարծում են, թե Արծրունին մի ձախակողմյան մարդ էր, մինչդեռ իրոք նա մի սովորական լիբերալ էր և շատ խնդիրների մեջ նույնիսկ քիչ էր տարբերվում պահպանողական հասկացողություններից։ Օրինակ հենց հոգևորականությունն առնենք. շարունակ հոդվածներ էր գրում ու հավատացնում, որ ինքը նրա բարեկամն է, միայն պահանջում է, որ նա լինի կրթված, և առանձնապես խոսում ու հոգում էր նրա ապահովության