Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/546

Այս էջը հաստատված է

Մենք, ասաց նա, միշտ ցավելով խոստովանել ենք, որ չենք ճանաչում մեր հարևան ժողովուրդներին, նրանց թվում և վրացիներին, որոնց հետ ապրում ենք հնագույն ժամանակներից և սակայն չգիտենք ոչ նրանց անցյալ պատմությունը, ոչ նրանց ներկա կյանքը և ոչ գրականությունը։ Թերևս կարողանանք արդարանալ նրանով, որ մենք իսկի մեր պատմությունը, մեր կյանքն ու մեր գրականությունն էլ չգիտենք, բայց էս արդարացումը գալիս է միայն ավելի սաստկացնելու դատապարտությունը։ Շատ հավանական է, որ մեր օրումն են և իրենք՝ մեր հարևանները։ Սա մի վերին աստիճանի ցավալի ու պախարակելի երևույթ է, որը վերացնելու համար իրական քայլեր պետք է անենք մեր կյանքում։ Եվ դրա համար է, որ Հայ գրողների ընկերությունը հրավիրել է պ. Ցուլուկիձեին՝ խոսելու հայ հասարակության հետ վրաց գրականության մասին։ Ազգերին լավ ճանաչելու և նրանց մեջ փոխադարձ սեր ու հարգանք արծարծելու ավելի ազնիվ հող ու ավելի մեծ կապ չի կարող լինել, քան գրականությունն է, որի մեջ հանդես են գալիս նրանց լավագույն զգացմունքները, նրանց ազգային հանճարն ու ոգին։

Պ. Ցուլուկիձեն ինչքան էլ տաղանդավոր դասախոս լինի և հմուտ իր մայրենի գրականությանը, հարկավ, անկարող կլինի մի դասախոսության մեջ սպառել մեզ հետաքրքրող առարկան, և առաջիկայում Գրողների ընկերությունը դարձյալ երեկոներ կհատկացնի վրաց գրականությանը։ Եվ հետզհետե ավելի ու ավելի իրար ճանաչելով, ավելի ու ավելի էլ իրար կսիրենք։ Եվ, անշուշտ, էդ զգացմունքն էր պատճառը էն բուռն ծափահարության, որով դուք դիմավորեցիք մեր եղբայրակից ժողովրդի ինտելիգենցիայի լավագույն ներկայացուցիչներից մեկին՝ ա․ Ցուլուկիձեին, որ եկել է ձեզ հետ խոսելու իրենց ազգային ստեղծագործական ուժի ու լավագույն զգացմունքների մասին։ Ամենալավ ծափահարություններից մինը, որ երբևէ թնդացրել էին էս դահլիճը, և ես էլ միանալով ձեզ հետ,