Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/559

Այս էջը հաստատված է

այդ մեր ազգի ամենամեծ դժբախտությունը։

— Բայց, — ասաց,— իմացած եղեք, որ հայը ստեղծագործող և ազնիվ ցեղ է, ուրեմն հռչակավոր Բայրոնի ասածները հայերի մասին, թե «ինչ առաքինություններ, որ ունեն հայերը, դա նրանց սեփականն է, իսկ ինչ վատ հատկություններ որ ունեն, վերցրել են իրենց տիրապետող ազգերից»1, միանգամայն ճշմարիտ են։

Նա հայերի և թուրքերի միջև եղած տարբերությունը պարզելու համար օրինակ բերեց հետևյալը. Ինչպես բոլոր քրիստոնյա ազգերը, այդպես էլ հայը, կնոջը, այնքան է բարձրացրել, որ, պատկերը եկեղեցում դրած, նրան Աստվածամայր անունն է տվել և պաշտում է, իսկ թուրքը բանտարկել է հարեմում և նրան համարում է մի ստորադրյալ էակ՝ լոկ իր քմահաճույքին ծառայող։

Բացի այդ, նա հրաշալի օրինակ բերեց հայի ստեղծագործող մտքի գոյության ու գեղեցիկին երկրպագու լինելուն։ Օր. 1896-ին, երբ Վանում կոտորած էր տեղի ունենում, թուրքերը, ամեն բան փշրելով, ջարդելով, մարդկանց սպանելով, մտնում են մի մարդու տուն, այդ ահ ու սարսափի մեջ մարդը սկսում է պաշտպանել իր շինած արձանը, որպեսզի չկոտրեն, այնինչ թուրքերը մարդկանց էին կոտորում ։

Հեռու չգնալու համար օրինակ բերեց հայ որբերի «Փարոսն» էլ։

Հապա մենք ինչպե՞ս կգտնենք մեր ազատությունը։ Երևի շատերը կարծում են՝ թուրքերին սպանելով, վրեժ առնելով, ո՛չ, սա արդեն ինքնըստինքյան դժբախտություն է. մենք սպանելով՝ թուրքին հասցնում ենք իր նպատակին, նմանվում ենք նրան, մենք պետք է աշխատենք չնմանվել նրան, այլ նրան ետ դարձնել, նմանեցնել մեզ։ Այն ազգերը, որոնք վրեժով են լցված իրար դեմ, հանգստություն չունեն, իրար կոտորում են, փչացնում իրարու վաստակ և իրար հասցնում մեծամեծ վնասներ։