Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/562

Այս էջը հաստատված է

1921


Պ<ԱՐՈՆ> ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ մեր խմբագրատան մեջ պատիվ ունեցանք այցելությունն ընդունելու ռուսահայ հայտնի բանաստեղծ պ․ Հովհանես Թումանյանի և ԳՈՐԾ ամսագրի տնօրեն պ․ Թաղիանոսյանի։

Պ․ Թումանյան նախագահն է Երևանի մեջ կազմված Հայաստանի օգնության կենտրոնական կոմիտեին և պ․ Թաղիանոսյան ալ անդամ։ Անոնք եկած են Պոլսո հայության ներկայացնելու Հայաստանի վիճակը և հայտնելու թե Հայաստանի համար ըլլա ամենալայն օգնություն, քանի որ այս բանը ոչ միայն ֆիզիկական փրկության գործ մըն է սովահար հայոց համար, այլ նաև բարոյական ազդակ մը Հայաստանի քաղաքական զորացման։

Պ․ Թումանյան պարզեց Հայաստանի անմխիթար վիճակը, քանի որ ամեն ինչ քայքայված է հոն և այժմ կառավարությունը ոգի ի բռին կաշխատի վերականգնել երկիրը իր ավերակներեն ու անկումներեն։ Երկրին մեջ արդեն իսկ սեփականության սկզբունքն ընդունված է և դյուրություններ կտրվին հանքերու շահագործման և ատոր նման ձեռնարկներու։

Խորհրդային Հայաստանի կառավարությունն իրեն սկզբունք ըրած է բարվոք հարաբերություններ պահել միշտ իր դրացիներուն հետ այնպես որ, Կարսի մեջ, թուրքերու հետ իսկ համաձայնեցան, որպեսզի կարենան հայ ժողովրդին խաղաղ զարգացումն ու վերականգնումը ապահովել։