Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/563

Այս էջը հաստատված է

Հայաստանի արդի վարչապետ պ. Մյասնիկյանի քաղաքական կարողությունները և հայրենասիրությունը մեծապես կգովեն, այնպես, որ եթե դժբախտ անակնկալներ չպատահին, մեծ հույս կա, որ Հայաստան պիտի կրնա իր վերքերը դարմանել ու ինքն իր մեջ զարգանալ։

Կառավարությունը այժմ մեծ հոգ կտանի գրական-գեղարվեստական զարգացման, և այս մտոք կենսաթոշակ հատկացուցած է ծանոթ գրագետներու և գեղարվեստագետներու, մրցումներ հաստատած է գրական և գիտական աշխատությանց համար։

Պ. Թումանյան հայտնեց թե մոտ օրեն կենսաթոշակ պիտի հատկացվի նաև թերթիս մեծանուն աշխատակից պ. Ե. Օտյանի, որուն ՓԱՆՋՈՒՆԻ֊ն կարդացվեր և գնահատվեր է Երևանի կոմիսերներու կողմե»։


ՊՐ. ԹՈՒՄԱՆՅԱՆ ԴՊՐՈՑԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ՈՐԲԱՆՈՑ-ՎԱՐԺՈՒՀԻՆՈՑԻՆ ՄԵՋ

Պ. Թումանյան սաստիկ զգացված, հմտալից բանախոսությամբ մը վեր հանեց Դպրոցասեր Տիկնանց գործին վսեմությունը, քաջալերեց սանուհիները և իր երջանկությունը հայտնեց Պոլսո մեջ գտած ըլլալուն այդպիսի վարժարան մը։

— «Դուք, ըսավ, կանգուն կպահեք ցեղին արժանիքը, ձեր պահպանումը ավելի հզոր է քան բանակներու ուժը, որովհետև սուրի ուժը չէ ան, այլ բարոյական կորովի ուժը։ Ես իբր բանաստեղծ ինչ որ տված եմ ձեզի հաճույք իմ գրություններով, դուք հոս ինձ կրկինը տվիք, ձեր հառաջադիմունթյունովը դեպի զարգացում։ Տղա մը կրթելը մարդ մը կրթել է, բայց մայր մը պատրաստելը ընտանիք մը կրթել է։ Ես երջանիկ եղա այսօր ձեր մեջ և չպիտի մոռնամ այս երջանկությունը»։