շնորհիվ մեր շինարար աշխատանքին, մեր ճակատեն պիտի ջնջվի թշվառության նախատինքը։
Պ. Հովհ. Թումանյանի խոսքերը խիստ լավ տպավորություն գործեց հասարակության վրա։
<ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ «ՊԱՏՎՈ ԹԵՅԱՍԵՂԱՆԻՆ»>
«․․․Ամենեն վերջը խոսելով պրն. Թումանյան ուրախություն հայտնելով, որ արդարացած էր տակավին Պոլիս չեկած Ս. Պատրիարք հոր ղրկած իր նամակին մեջ հայտնած խոսքը, թե իրենց գալն իսկ ավելորդ պիտի ըլլար, այնքան վստահ էր պոլսահայ ժողովրդին իր Մայր Հայրենիքին ընծայելիք օժանդակության։
Բանաստեղծը ըսավ․-Երբ կտեսնեմ այսպես միությունը ամենուն սրտին խորը և ամենուն բերանը, և երբ կտեսնեմ ձեր կենդանի սերը դեպի հայրենիքը, չեմ կրնար զսպել ուրախությունս։ Պետք է երբեք չմոռանանք այս սեղանը։
Ես արդեն ապահովված կտեսնեմ Հայաստանը, որովհետև անիկա գոյություն ունի։ Ես ձեր մեջ կտեսնեմ կենդանի Հայաստանը։ Ռ<ամկավար> Ազատական կուսակցության և ձեր բոլորեն շնորհակալ եմ։ Մեծ հուզմունքով լսեցի ձեր բոլորին ճառերը։ Մենք եկած ենք Հայաստանի սովին և անոր վերաշինության համար։
Պրն. Թումանյան իր բանախոսության մեջ պատկերացուց ավերակ Հայաստանը, և այն, տառապանքները, որոնց մեջ ապրեցավ և կապրի դեռ անոր ժողովուրդը, բայց ավելցուց.-Չենք հուսահատիր, որովհետև վաղն իսկ ան պիտի վերաշինվի։ Իմ միակ վիշտս այն է միայն, թե ինչո՞ւ այս ընդունակ ցեղը այսքան տառապած լիներ։ Ասիկա մեծ ողբերգություն մըն է։ Գիտեմ որ դուք ալ ունեցաք մեծ նահատակներ։ Բայց ապահով եմ, թե ի մի գալով, պիտի ամոքենք մեր ցավերը։ Մեր միությունը բարոյական