մեր ազգային հանճարի մասին և մենք, մի առժամ մոռանալով մեր ծանր վիշտը - զգում ենք մեզ և հզոր և հպարտ։
Եվ էդ ներքին բարոյական-հոգեկան ուժի խորին գիտակցությամբ ու ստեղծ<ագործ> ժող<ովրդի> ազնիվ հպարտությամբ էլ կարող ենք Ձեզ ասել. - Այո՛, ազնիվ բարեկամ, հայի ազգային հանճարը միշտ-կարողացել է սավառնել Ձեր էնքան սիրած վերին եթերքներում, կարողացել է խոսել մարդկային ամենանվիրական զգացմունքների հետ և հասել է մինչև Ձեզ ծանոթ Նարեկացին, որ, ապաշխարողի կերպի մեջ, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու աստծու իրեն հետ է խոսել դեմ առ դեմ։
Սակայն մեր [հանճարեղ] ժողովուրդը դարերով ապրել է մի անպատում ողբերգություն։ Ռուսական ազգը հենց ոտք է դրել Կովկաս՝ շատ ցավալի տեսարանների թվում - նա տեսել է Սայաթ-Նովայի արյունոտ դիակը-քրիստոնեության խաչը ձեռքին, հանճարի կնիքը ճակատին և բարբարոսական դաշույնը սրտի մեջ խրած։
[Չեմ սխալվիլ եթե ասեմ՝ Սայաթ-Նովայի կյանքն ու մահը հայ ժող<ովրդի> կյանքի խորհրդանշանն է եղած]։ Ինչպես նրանից առաջ, էնպես էլ նրանից հետո երբեք չի ցամաքել էդ դաշույնը, և [մենք] էս րոպեիս էլ մեր սրտերը համակված են սուգով, թե արդյոք որ անապատներն են քշված մեր շատ տաղանդավոր [ընկերները] բանաստեղծներն ու գրողները Տաճկահայաստանում և որ անհայտ ճանապարհներին են ընկած նրանց [սրա] դաշույնահար դիակները։
Էսպես՝ թեև միշտ դաշույնը [խրած] իր լավագույն զավակների սրտի մեջ - երբեք չի դադարել մեր [ժողովուրդի] ազգային հանճարը ստեղծագործելուց։ Նույնիսկ էս ահռելի աղետի օրերում էլ՝ մենք վշտացած ենք՝ բայց չենք հուսահատված - և չի դադարում հայի միտքը ստեղծագործելուց։