Ուլիկը Գառնիկի, էդ ամենը զուտ հայկական են, հայ ժողովրդական հեքիաթից, Վասպուրականի վարիանտից, որ գրի է առել հանգ. Սրվանձտյանը և տպված է նրա «Մանանայում», հեքիաթի անունն էլ հենց Գառնիկ ախպեր, ինչպես կոչվում է նաև հայկական ուրիշ շրջաներում, օրինակ Արարատյան երկրում։
Էսպես կխոսեի ու կպատասխանեի։ Բայց որովհետև նրա ոճից ու շնչից, տգիտության հետ կաթում է հոգու վատությունը, չարությունը, ստիպված եմ էսպես ասելու։
— Տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., գնացեք կարդացեք «Մշակի» 1910 թվականի 169 և 170 համարներում Դրամբյանին տված պատասխանս, դա կլինի պատասխան և ձեզ, այլև իմացած եղեք ու միշտ միտներդ պահեցեք, որ եթե աստված ձեզ բերան է տվել` նրա համար հո չի տվել, որ էդպես անմիտ ու անքաղաքավարի կերպով լեն-լեն բաց անեք, ձեր խելքիցը դուրս բաներից խոսեք ու գրողներին քննադատեք, այլ նրա համար, որ հաց ուտեք։
Դաշնակցության գործի քննության ժամանակ և նրանից առաջ մի շարք մարդիկ մեր երկրից հեռացան արտասահման, ուր մնում են մինչև օրս։ Սակայն, ինչպես դաշնակցության գործի քննությունը, էնպես էլ նրանից հետո պարզվող մեծ դեպքերն ու հանգամանքները բաց արին շատ կեղծիքներ, շատ զրպարտություններ, շատ սխալներ ու շատ թյուրիմացություններ։ Մի՞թե էդ ամենից հետո նրանք դարձյալ մնալու են կամավոր աքսորի մեջ։
Էն, ինչ որ մի ժամանակ մութն էր ամեն մեկի համար, պարզվեց ամբողջ աշխարհի առջև ամենի համար, ռուս-հայկական հարաբերություններն էլ մտան իրենց հին պատմական ընթացքի մեջ, և գրեթե ամենքը պատրաստ են ներելու և փարելու իրար։ Ինչո՞ւ նրանք չեն կարող վերադառնալ։