Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/612

Այս էջը հաստատված է

Տպագրվել է Հր, 1914, 12 և 17 հունվարի № № 8 և 11, այնուհետև զգալի կրճատումներով՝ ԹՔ, էջ 293-296, Եժ IV, 287-293։

Արտատպվում է Հր-ից։

1 Տե՛ս «Մի՞թե դժվար է» հոդվածի առաջին ծանոթագրությունը։

2 Խոսքը «Համազգային տոնը և դպրոցական ֆոնդը» (Մշ, 1913, 6 հուլիսի, № 146), «Ինչու մերժեցինք» (Մշ, 1913, 6 հոկտեմբերի, № 221), «Թումանյանական չարաստեղծություն» (Մշ, 1913, 9 հոկտեմբերի, № 223) և նման այլ հոդվածների մասին է։

3 Նկատի ունի «Հայ գրողների ընկերության մեջ» հոդվածը, որն ստորագրված է «Նորեկ գրող» (տե՛ս Մշ, 1914, 4 հունվարի, № 2)։

4 Ինչպես «Նորեկ գրողի», այնպես էլ Հ. Առաքելյանի հոդվածները գրված են ՀԳԸ 1914 թ. հունվարի 2-ի երեկույթի առիթով, որը նվիրված է եղել «Բանակռիվը մամուլի մեջ» թեմային։ Երեկույթի մասին մանրամասն հաղորդումը տե՛ս Հր, 1914, 8 հունվարի, № 4:

5 Հ. Առաքելյանը բառացի գրում է. «Մատաղ սերնդի անբարոյականացման այդպիսի մի երևույթ մենք տեսնում ենք այն գործելակերպի մեջ, որ րնդգրկել է Հայ գրողների ընկերությունը իր կազմակերպած երեկույթների մեջ, ուստի և չենք քաշվում շպրտել ուղղակի այդ ընկերության վարիչների երեսին՝ «Դուք անբարոյականացնում եք մատաղ սերունդը» խոսքերը» (տե՛ս Մշ, 1914, № 6)։

6 Թումանյանի այս հոդվածը բավականաչափ լայն արձագանքներ է ունեցել մամուլում։ Տպագրվել են մի քանի հոդվածներ, որոնցում նշանակվում է Հ. Առաքելյանը՝ Թումանյանի և Հայ գրողների ընկերության դեմ կոպիտ, զրպարտչական հարձակումների համար (տե՛ս Հր, 1914, № 15, № 17 և այլն)։ Տպագրվել են նաև Հր-ի խմբագրությանն ուղղված մի շարք նամակներ։ Ահա դրանցից մեկը.

«Ճիշտ չէ, թե հասարակությունը անտարբեր է գտնվել հայ երկրի մեծ գրողին հասցրած անլուր վիրավորանքների հանդեպ։ Համակրական հեռագիրները մեզանում չեն արտահայտում հասարակաց կարծիքը։ Ամենալավ բողոքը լռությունն է։ Թող հայտնի լինի, որ հայ ժողովուրդը հավիտյանս պարտական պիտի մնա Թումանյանին։ Ոչ մի հայհոյանք չպիտի կարողանա մթագնել մեր գրականության կարմիր արևը։ Նա կփայլի քանի կենդանի է մեր ժողովուրդը <․․․>։

Այդպես ահա ժամանակը կծաղրի մեր մամուլի անարգ Թերսիդեսին։

Վահան Տերյան
Ցոլակ Խանզադյան
Պողոս Մակինցյան»։

(Տե՛ս Հր, 1914, 26 հունվարի, № 19)։