Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/615

Այս էջը հաստատված է

6 «Նոր-Դար» թերթի 1884 թ, ապրիլի 12-ի, № 61-ում Հ. Առաքելյանը տպագրել է մի բաց նամակ, որտեղ մեղադրում է հայտնի մանկավարժ և հրապարակախոս Գաբրիել Միրզոյանին (Գաբո), Րաֆֆու հոբելյանը տոնելու կապակցությամբ Թիֆլիսում մի հանձնաժողով կազմելու և այդ հանձնաժողովի անունից հայ «բուրժուա-աղայական» շրջաններում հանգանակություն կազմակերպելու համար։ Այս հոդվածում Առաքելյանը Գ. Միրզոյանին անվանում է «վերջին չարչի», «քամելիոն», «հակակրական անձնավորություն» և այլն։ Նույն թերթի 1884 թ. մայիսի 2-ի № 73-ում տպագրված է Գ․ Միրզոյանի պատասխանը, որտեղ նա բացահայտում է Առաքելյանի զրպարտությունները, որոնք ստվեր են ձգում Րաֆֆու վրա։ Օրինակ, թե, իբր, գրողն ինքն անձամբ մասնակցել է իր հոբելյանի առթիվ կազմակերպված հանձնաժողովի աշխատանքներին։

7 Նկատի ունի Թավրիզի ոմն վաճառականապետ Սարգիս Հունանյանի «Թավրիզ, օգոստոսի 1-ին» թվակիր բաց նամակը՝ տպագրված Մշ, 1891, 15 օգոստոսի, № 91, որտեղ պատասխանելով Հ. Առաքելյանի՝ նույն թվականի Մշ № 54-ում տպագրված հոդվածին, Հունանյանն ակնարկում է, թե Առաքելյանի զրպարտությունները գալիս են այն բանից, որ նա ժամանակին անհաջող ջանքեր է գործադրել վաճառականապետ ընտրվելու իր փոխարեն։


Պ<ԱՐՈՆ> ԻԲՈՅԻՆ

(էջ 134)

Գրված է 1914 թ. փետրվարի 21-ից հետո՝ ի պատասխան Մշ, 1914, 21 փետրվարի, № 38-ում Իբոյի տպագրած «Բաց նամակ պ. Հովհաննես Թումանյանին» հոդվածի։

Ինքնագիրը պահվում է ԹԹ, № 29 թղթապանակում, որտեղից և տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՛ս «Դոկումենտները» հոդվածի վեցերորդ և յոթերորդ ծանոթագրությունները։

2 Խոսքը «Բանաստեղծ Հովհ. Թումանյանը ժողովրդի մարդ չէ» զրպարտագրի մասին է՝ ստորագրված Ֆորստեր (տե՛ս Մշ, 1914, 13 փետրվարի, № 33)։


ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»

(էջ 136)

Տպագրվել է Հր, 1914, 5 մարտի, № 48, այնուհետև՝ ԹՔ, էջ 300-301, Եժ IV, 293-294:

Արտատպվում է Հր-ից։