Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/63

Այս էջը հաստատված է

միացել էին Արևելքի զանազան ժողովուրդները իրենց բարբառներով, կրոններով, փիլիսոփայություններով ու ազգային ստեղծագործություններով ու ստեղծել էին մի ինքնատիպ քաղաք, որի վրա հիանում էր ամբողջ Փոքր Ասիան ու Մերձավոր Արևելքը: Եվ հեռավոր ժողովուրդները ամեն անգամ երբ պատերազմով վեր էին կենում դեպի Կովկաս` Թիֆլիսն էին երազում ու Թիֆլիսի «գյոզալները»` սիրունները:

Ահա, ինչպես մի ուրիշ անգամ էլ նկատել եմ, էդ Թիֆլիսի նման մի ինքնատիպ մեծություն էր Սայաթ-Նովան, իբրև Արևելքի բանաստեղծ: Եվ եթե Արևելքի ժողովուրդները հեռվից հեռու վառվում էին Թիֆլիսի սիրունների կարոտով` ինչ ասել կուզի, որ էս հոյակապ աշուղը, աշուղ, որ Արևելքում շատ իմաստուն կերպով և բանաստեղծ կնշանակի և սիրահար միաժամանակ, էդ միևնույն սիրունների սիրով պետք է բռնկեր անմարելի ու իր կրակով վառեր թե՛ իր ժամանակակիցներին և թե՛գալոց սերունդներին, ինքն էլ այրվեր, հատներ իր կրակի սաստկությունից, որովհետև, ինչպես ասում է իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ — «Աշուղ լուղ քուրա դուր, յախար, յանդըրար»՝ աշուղությունը հնոց է, կէրի, կավերի:

Եվ ի՜նչ գեղեցիկ է, ճշմարիտ, որ էսպես է մեր վիթխարի Սայաթ-Նովան` մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկած սիրո հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով և՛ դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու միշտ մնաց անտարբեր, և դեպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճվեցին էն կրակով, որի մեջ էրվում էր ինքը, և դեպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կյանքում: Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց:

Ռուս հայտնի բանաստեղծ Я. Полонский-ն, որ երևի Մոսկվայում մեր Գ. Ախվերդյանի ուսանողական ընկերներից