ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԸ
Վրացի եղբայրներ, մեր վաղեմի եղբայրներ, տանջված եղբայրներ, բայց միշտ ազատ և բարձր ոգու տեր եղբայրներ։
Եթե ժողովրդի գրականությունը նրա ոգու իսկական արտացոլումն է և այդ ոգու կրողը բանաստեղծն է, ապա ես հայության ոգին եմ բերում ձեզ, ամենավեհը, որ կարող է ունենալ ժողովուրդն ու մարդը։
Հայության ոգին ցնծում է իմ մեջ՝ ողջունելով ազատ Վրաստանի զավակների առաջին ազգային համագումարը։
Հիացմունքով վկայում եմ, որ վրացին երբեք չի ընկճվել և կովկասյան ժողովուրդների մեջ միշտ առաջինն է եղել իբրև քաղաքացի՝ իր քաղաքական պահանջներով և հասարակական պայքարով։
Եթե մի հայացք ձգենք հարևանների փոխհարաբերությունների վրա ամբողջ աշխարհում, չենք կարող չխոստովանել, որ վրացին, իբրև հարևան, ամենալավերից մեկն է եղել։
Այն բախումները, որ մերթ ընդ մերթ առաջ էին գալիս հայ և վրացի առանձին շրջանների միջև, ազատ կյանքի պայմաններում պիտի անհետանան՝ հատկապես այն օրվանից, երբ իր հին հայրենիքից հալածված հայությունը հնարավորություն կստանա նոր, ազատ կյանքի համար՝ վերադառնալ օջախ և կթողնի Վրաստանի հողը, որտեղ հայերը փրկություն են գտել պատմության ծանր հարվածներից։ Եվ մեր մեջ կստեղծվի ավելի սերտ, մեծ հոգեկան ու կուլտուրական կապ, մենք՝ կովկասյան ժողովուրդներս դեռ շատ գործեր ունենք միասին կատարելու և մենք՝ կովկասյան ժողովուրդներս եղբայրներ կլինենք հավերժ կողք-կողքի, ինչպես մեր հայրենի լեռները, ամեն մեկս մեր տեղում մեր շողշողուն գագաթներով միշտ կանգնած միմյանց թիկունքին և մեր հիմքերով միացած։
Կեցցե՜ կովկասյան ժողովուրդների եղբայրությունը։
Կեցցե՜ ազատ Վրաստանը՝ ազատ Ռուսաստանի ազատ ժողովուրդների միության մեջ։
1918
ОТКРЫТОЕ ПИСЬМО СЕРГЕЮ ГОРОДЕЦКОМУ
(էջ 346)
Տպագրվել է «Кавказское слово» օրաթերթ, 1918, 3 հունվարի,. № 1, այնուհետև, թարգմանությամբ հանդերձ, սակայն որոշ կրճատումներով՝ ԵԺ IV, 410—413,