Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/647

Այս էջը հաստատված է

Ունի արձագանքներ՝ «Кавказское слово» № № 13, 15, 17, 18, «Возрождение» № 9, «Республика» № 150 և այլն։

Արտատպվում է «Кавказское слово»-ից»։

Ստորև, համապատասխան լրացումներով, բերում ենք ԵԺ IV-ի հայերեն թարգմանությունը։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈՒՆ

Թանկագին Սերգեյ Միտրոֆանովիչ։

Մեծ պատերազմի ընթացքում բոլոր ժողովուրդներն աշխարհի առաջ, համարյա ամբողջությամբ, արտահայտեցին իրենց էությունը, և ամենից ավելի, թերևս, ռուս ժողովուրդը, որովհետև նա, պատերազմից բացի, կատարել է և հեղափոխություն։ Պարզվեց, որ այդ ժողովուրդը կենտավր է, և այդ ժողովրդին իր ամբողջությամբ մենք չենք տեսել և չգիտենք։

Մինչև այժմ մենք տեսել ենք միայն նրա գլուխը, ի դեմս նրա գրողների և մտավորականության, իսկ ժողովուրդն ինքը՝ մարմինը, մնում է մթության մեջ և մեզ անծանոթ։

Եվ ես այժմ եմ միայն ըմբռնում ռուս գրականության համար այնքան յուրահատուկ, իսկ ուրիշ ժողովուրդների գրականություններին օտար, ձգտումը՝ «ճանաչել իր ժողովրդին»։

Հիրավի, մեզ անծանոթ էր այդ մարմինը, որը սակայն ինքն էր աճեցրել այդ գլուխը, որ ընդունակ է այնքան բարձրանալու և ազատ հայացքով ընդգրկելու լայն ու հեռու տարածություններ։ Իսկ լայն ու հեռուն՝ հենց դա էլ ժողովրդի հայրենիքն է։

Եվ ես կարծում եմ, որ բոլշևիզմի և անարխիզմի, դրանց լավագույն իմաստով (հասկացողությամբ), մեծ խիզախումները խորթ չեն ռուս մարդու հոգուն։ Իսկ ռուս ժողովուրդը առհասարակ մեծ միսիա ունի կատարելու ժողովուրդների կյանքում։

Այսպես նայելով Ռուսաստանին և այդպես հասկանալով նրան, ես իմ խոսքը սահմանափակում եմ Կովկասով, և ուզում եմ մի հարցում անել, որին Դուք, թերևս, կպատասխանեք որպես ռուս բանաստեղծ և ռուս ժողովրդի հոգու մեկնիչ։

Ձեր աչքերի առաջ այստեղ՝ Կովկասում, տեղի է ունենում չափազանց տարօրինակ երևույթ։

Այն ժամանակ, երբ Կովկասի բոլոր ժողովուրդները մեկը մյուսի ետևից ողջունում են նոր, ազատ Ռուսաստանը և իրենց ազգային համագումարներում որոշում են մնալ մեծ ռուսական ազատ հանրապետության կազմում, հենց այդ ժամանակ ռուսական բանակը, որ հաղթականորեն մտել է թշնամու երկրի խորքը, և դարձել դրության տերը, սկսում է նահանջել ո՛չ միայն ռազմադաշտից, այլև լքել նույնիսկ Կովկասը։