Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/65

Այս էջը հաստատված է

է նկատում, քան երբ լսում է ծիծաղը, որ արցունքը ճնշում է։

Նրա երգերը հաճախ հանդիսավոր–խրատական են։ Էնպես՝ նա իր սրտին ասում է.


«Արի՛ ինձ անգաճ կա՛լ, ա՛յ դիվանա սիրտ,
Հայա սիրէ՛, ադաբ սիրէ՛, ար սիրէ՛.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի,
Աստուաձ սիրէ՛, հօքի սիրէ՛, եար սիրէ՛»։


Սայաթ-Նովայի երգում քիչ կան էն վառ փայլուն գույները, որոնցից Արևելքում բնությունը հաճախ առնում է մի տարօրինակ ու խաբուսիկ արտաքին փայլ։ Չկան և էն ֆանտաստիկ պատկերները, որոնց ասես թե հաշիշն է ծնում։ Առհասարակ նրա երգերում քիչ երևակայություն կա, շատ զգացմունք։ Եվ էդ զգացմունքները նրա երգերում մեծ մասամբ արտահայտում են էնքան մեղմ ու անվրդով խաղաղություն, որ նրա սերը նման է ընկերության, ընկերությունը՝ սիրո։ Որ հայերենի քերականության մեջ էլ արականի ու իգականի տարբերությունը չկա, Սայաթ-Նովայի մի քանի երգերում դժար է հասկանալ, իր ոգևորված խոսքով ում է դիմում նա, քնքուշ սիրով սիրած ընկերի՞ն, թե՞ տարփալի սիրով սիրած կնոջը։

Նրա հոգու տարրը, ոգևորության ժամերին, չի կարողանում հաշտվել գգայնականության հետ, ինչպես կրակը չի կարող հաշտվել ջրի հետ։ Նա էնքան է բարոյական, որ աշուղի կոչմանն էլ նայում է բարոյական տեսակետից։ Իր երգերից մեկի մեջ ասում է.

«Աշուղի լիզուն բլբուլ է, օրհնանք ունէ անեծք չունի»։

Թեև երբեմն նրան համակում է սոսկալի թախիծը։

Իհարկե, իր հարևանցի ծանոթությունով ու ամեն տեսակի խորթությունով, ռուս բանաստեղծի համար դժար էր ըստ ամենայնի ճիշտ ըմբռնել ու հասկանալ առհասարակ մեր և մասնավորապես Սայաթ-Նովայի ստեղծագործությունն