Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/655

Այս էջը հաստատված է

բարոյական ու դիվանագիտական աջակցության դեպքում» ապահովել «բարի միջնորդության ծառայություն» (տե՛ս ՀՀ, հ. I, էջ 110 և հ.VI, էջ 147)։


ԴԻՄՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

(էջ 365)

Տպագրվել է Մշ, 1918, 18 դեկտեմբերի, № 29, այնուհետև ՈւՀ 2, էջ 393-394։

Արտատպվում է Մշ-ից։

1 Հայ հայրենակցական միությունների կենտրոնական խորհուրդը կազմվել է 1918 թ., նպատակ ունենալով միավորել գավառների հայրենակցական միությունները և ակտիվորեն օժանդակել Կովկասի հարևան ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու գործին։ Կենտրոնական խորհրդի նախագահը եղել է Հովհ. Թումանյանը, քարտուղարը՝ Համազասպ Համբարձումյանը, Խորհրդի գործունեության մասին տեղեկություններ տե՛ս Հ. Համբարձումյանի հուշերում՝ (ԹԺՀ, էջ 699-703)։


ԵԼՔԸ

(էջ 367)

Տպագրվել է ԺՁ, 1918, 27 դեկտեմբերի, № 92։ Թարգմանությունն է ռուսերեն «Выход» հոդվածի, որ տպագրվել է երեք օր առաջ՝ դեկտեմբերի 24-ին «Тифлисский листок» թերթի № 277-ում։ Թարգմանությունը կատարել է Մամիկոն Գևորգյանը, անշուշտ, ոչ առանց Թումանյանի գիտության ու համաձայնության։ Այնուհետև տպագրվել է ԵԺ VI, 238-239, <Հայ վրացական հարաբերությունների մասին> վերնագրով։

Արտատպվում է ԺՁ-ից։


ՁՈՆ

(էջ 368)

Տպագրվել է որպես առաջաբան սկսնակ գրողների «Հրազդան» գրական-գեղարվեստական ժողովածուի, Գիրք Ա, 1918, Թիֆլիս, էջ 3-4։ Այս կապակցությամբ ժողովածուի խմբագրությունը տվել է հետևյալ ծանոթությունը. «Հրազդանի» խմբագրությունը անհրաժեշտ չի գտել առանձին հառաջաբանով բացատրել թերթի նպատակը, քանի որ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը հստակորեն ընդգծած է նպատակը՝ իր գեղեցիկ Ձոնի մեջ» (էջ 96): Այնուհետև տպագրվել է ԹՔ, էջ 436-437, ԵԺ IV, 413-414։

Արտատպվում է «Հրազդանից»։