Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/66

Այս էջը հաստատված է

ու հոգին, բայց նա էլ է նկատել, և նրա կարծիքն ու տպավորությունը մեջ բերի՝ շեշտելու Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը, որոնց պարզության մեջ ափաշկարա երևում է նրա բարի, քնքուշ սիրտը ու նրա ազնիվ, խորը հոգին, և էդ ամենը միանգամայն առողջ ու ամբողջական։ Մի առողջ, ոգևորված բանաստեղծ, որ աշխարհք է մտել սազով ու սիրով, ինչպես ինքն է ասում իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ՝ «Ջունուն օլմիշ, սազ ալընդա չալան դըր Սայաթ-Նովա», այսինքն — սիրահարված, սազը ձեռին նվագում է Սայաթ-Նովան։

Ու աշխարհքին նայելով, Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ, նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է․

«Աշխարհըս՝ մէ փանջարա է,–թաղերումէն բէզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,–դաղէրումէն բէզարիլ իմ.
Էրեգ լավ էր, քանց վուր էսօր,–վաղէրումէն բէզարիլ

իմ…»

Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքուշն ու ազնիվը, ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից․


«Գուզիմ թըռչի բըլբուլի պես,—բաղէրումեն բէզարիլ

իմ…»:

Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։


<ԽՈՍՔ ԾԵՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ>

Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը: