Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/665

Այս էջը հաստատված է

«Եւ էր Դաւիթ արքայ այր սուրբ և առաքինի, զարդարեալ ամէնայն աստուածապաշտութեամբ և բարի արդարութեամբ, և սա երևեցաւ ընդունող և սիրող ազգին Հայոց։ Առ սա ժողովեցան մնացեալ զօրքն Հայոց, և սա շինեաց քաղաք հայոց ի յաշխարհն վրաց, և հաստատեաց եկեղեցիս և վանորայս բազումս և անուանեաց զանուն քաղաքին Գաւռայ, և ունէր մեծաւ ուրախութեամբ և ցնծութեամբ զամենայն ազգն Հայոց», («Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ», 1869, Երուսաղեմ, էջ 447)։

Կամ պատմությունն այն մասին, թե վրաց թագավորն ինչպես ազատագրեց հայոց մայրաքաղաքը թշնամիների ձեռքից, և թե ինչքան նեղություններ քաշեցին հայերը թշնամիներից վրաց թագավորի մահից հետո (նույն տեղում, էջ 451, 459)։

Այդպիսի վկայություններ է տալիս նաև վրաց պատմությունը հայերի մասին:

«Օգտվելով մահից հայոց Աշոտ թագավորի, որն այդ ժամանակ Վրաստանի խաղաղության միակ հետևողն էր, Դինաուրի Գաբրիել քորեպիսկոպոսի հաջորդ Պադլան գրավեց Գարդաբանիի մի մասը, Քարթալինային պատկանող շրջանները, իսկ աբխազական թագավոր Բագրատը մտավ բուն Քարթալինա («Վրաստանի պատմություն», իշխ. Ս. Բարաթովի, Ս. Պբ. 1871, III, էջ 18)։

Սրանք, իհարկե, եզակի դեպքեր չեն, որ կարելի է բերել հայոց կամ վրաց պատմությունից։ Եվ դա դեռ կառավարողների՝ իշխանների և թագավորների կյանքից է։ Իսկ ժողովուրդը․․․ Սովորաբար ասում են, թե ժողովուրդը քիչ է երևում անցյալում, պատմության մեջ։

Ո՛չ, ես կարծում եմ, նա երևում է, նա հայտնվում է հազար ձևերով ու արտահայտություններով, հարկավոր է միայն կարողանալ գտնել նրան, նկատել ու տեսնել։

Ահա հայ ժողովուրդը, խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ:

Այդ էպոսում ևս հատկապես ուժեղ են ընդգծված հայ ժողովրդական հերոսի՝ հսկա Սասունցի Դավթի, և վրաց հսկա Գիորգիի (ուրիշ տարբերակում՝ Համդոլ) բարի հարաբերություններն ու բարեկամությունը։ Գիորգին է Դավթին զգուշացնում նրան սպառնացող վտանգի մասին և Դավիթը նրան է հավատում անվերապահ։ Նրանց սրերը երբեք չեն խաչաձևվում և բացառապես սիրո և բարեկամության համար է Դավիթը Գիորգիի երկիրը գալիս։

Ահա ձեզ ողջ ժողովրդի արտահայտած կարծիքը, սերնդեսերունդ ամրապնդված կապը հավերժորեն գծված ճանապարհը։ Հայ լինի, թե վրացի, եթե շեղվում է այս ճանապարհից, <ապա> դավաճանում է իր ցեղի ոգուն։